Արդեն 13 տարի է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր աշնանային համերգաշրջանը սկսում է «Երևանյան միջազգային փառատոնով»:
13 տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ու անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հիմնադրեցին «Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը», որի շնորհիվ մեր երաժշտասեր հասարակությունը ամեն տարի աշնանային առաջին ամիսներին հնարավորություն է ունենում ունկնդրել բարձրարվեստ դասական երաժշտություն՝ աշխարհի տարբեր կողմերից ժամանած անվանի երաժիշտների կատարմամբ: Այս տարի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։
Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում փառատոնի բացման համերգը կղեկավարի Իտալիայից ժամանած անվանի դիրիժոր Պիեռ Կառլո Օրիցիոն: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Շումանի, Բեթհովենի, Բրամսի ստեղծագործությունները։ Մինչ փառատոնի բացումը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ մեր երաժշտասերներին այս աշնանը երաժշտական հրաշալի անակնկալներ են սպասվում։
«Այս տարի փառատոնը կբացենք շատ հայտնի դաշնակահար, վիրտուոզ Սիմոն Պերչևսկու ելույթով, որը Բեթհովենի «Կոնցերտը» կկատարի, ընթացքում ունենք դարձյալ մեծ դիրիժորներ և երաժիշտներ, ունենք ամսի 27-ին Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգ, որտեղ Բորեյկոն՝ շատ հատնի դիրիժոր, հանդես կգա և մեծ սիրով համաձայնել է ղեկավարել Ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Թավջութակի կոնցերտը» կկատարվի», - ասաց Սիրունյանը։
Մաեստրո Մանսուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված համերգի մենակատարն է թավջութակահար Սևակ Ավանեսյանը Բելգիայից: Այդ օրը, բացի Մանսուրյանի «Թավջութակի կոնցերտից», կհնչի նաև Դվորժակի «9-րդ սիմֆոնիան»:
Իսկ ընդհանուր առմամբ փառատոնի ընթացքում, ինչպես նշում էր նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը կունենան 14 համերգ. «Երեքը կլինեն կամերային համերգներ, սակայն այդ կամերային համերգները նույնպես շատ հետաքրքիր համերգներ կլինեն։ Ունենք մայրերին նվիրված համերգ, որտեղ Ալեքսանդր Չաուշյանը ելույթ կունենա, մեր փառատոնի գեղարվեստական ղեկավարը և հայտնի երաժիշտներ։ Մենք մասնակցելու ենք անկախության կառավարական համերգին սեպտեմբերի 21-ին Գյումրիում՝ Սև բերդում, որը, իհարկե, փառատոնի շրջանակներում չի, սակայն Ֆիլհարմոնիկ նվագախումբն է ելույթ ունենալու, իսկ ամսի 19-ին կունենանք արդեն անկախությանը նվիրված համերգ»։
Հաջորդ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կնշի հիմնադրման 95-ամյա հոբելյանը, որը, Ռուզան Սիրունյանի խոսքով, կնշանավորվի մի շարք երաժշտական իրադարձություններով:
«Փորձելու ենք ամեն ինչ անել, որ մյուս տարի 14-րդ փառատոնը նվիրվի Ֆիլհարմոնիկի 95-ամյակին և փորձելու ենք շատ ավելի մեծ երաժիշտներ բերել», - ընդգծեց Սիրունյանը։
«Ազատության» հարցին, թե փառատոնն ի՞նչ չափով է կատարել այս տարիների ընթացքում իր առաքելությունը, Ռուզան Սիրունյանը պատասխանեց. «Առհասարակ մեր միսիան այն է, որ պետք է անպայման Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այդ մեծ երաժիշտները ելույթ ունենան, որովհետև դա նոր ուժ է տալիս Ֆիլհարմոնիկ նվագախմբի թե՛ երաժիշտներին, թե՛ աշխատակազմին։ Ամեն տարի նորովի փորձում ենք ընդգրկել մեր համերգներին երիտասարդությանը, պատանիներին, քանի որ մեր ապագան նրանք են։ Իհարկե, շատ դժվար է դա։ Այսօր մեր իրականության մեջ ես պետք է խոստովանեմ, որ մեր երիտասարդությունը պարզապես շատ չի սիրում դասական երաժշտություն, բայց ես կարծում եմ, որ մեր բոլորիս պարտքն է էս ամեն ինչը փոխանցել մեր սերունդներին, որովհետև չի կարելի միայն ռաբիզ երաժշտությամբ կրթել մատաղ սերնդին»։