Երեկ երեկոյան Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում «Դիմանկարներ» խորագրի ներքո բացվեց Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նրա ստեղծագործական տարբեր շրջաններում արված հարազատների, մտավորականների, քաղաքական գործիչների, ընկերների դիմանկարները:
Նկարում է 15 տարեկանից և մեր զրույցի ընթացքում շեշտում էր, որ իհարկե նկարիչների ընտանիքում ծնված երեխայի համար բնական էր նկարչությամբ տարվելը: Հիշեցնենք, որ Արամ Իսաբեկյանը մեր լավագույն նկարիչներից Էդվարդ Իսաբեկյան և Արփենիկ Նալբանդյանի այսօր արդեն 66-ամյա որդին է:
«Մանկուց իհարկե սիրել եմ շատ, զբաղվել եմ և հիմա նկարում եմ: Եվ չեմ ձանձրացել, սիրում եմ շատ: Ակտիվ նկարում եմ, և ակտիվ նկարելուս արգասիքը նաև այս ցուցահանդեսն է, որը շատ փոքրիկ ընտրանի է: Կան նկարներ, որոնք ինձ մոտ են գտնվում, վերջին երկու տարվա մեջ եմ նկարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց գեղանկարիչը:
Արամ Իսաբեկյանի հաջորդ անհատականը կբացվի 10 օր անց Նկարիչների միությունում՝ «Իրականության երազներ» խորագրի ներքո, և, ինչպես հեղինակն է շեշտում, այնտեղ ներկայացվելիք ստեղծագործությունները մեր հանրության համար անակնկալ կլինեն․ - «Որովհետև այսպիսի Արամ Իսաբեկյան չեք տեսել: Հիմա կտեսնեք: Ինքնաբուխ է ստացվել․ էսքիզներ կային կուտակված, որոնք մի օր պետք է դառնային մեծածավալ կտավներ: Հիմա դարձան»:
Արամ Իսաբեկյանը 1994 թվականից ի վեր Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի անփոփոխ ռեկտորն է: Ակադեմիայով այդ քառորդ դարի ընթացքում մի քանի սերունդ է անցել:
Հարցին, թե ինչպես կգնահատի հայ ժամանակակից գեղանկարիչներին, ինչ սերունդ է ի հայտ եկել, պատասխանեց․ - «Միանգամից ասեմ, որ շատ լավ սերունդ է: Փայլուն երիտասարդներ ունենք: Մենակ մի բան է ինձ զարմացնում, որ հիմա շատացել է աղջիկների քանակը․ եթե առաջ մոդելավորման, դիզայնի բաժիններում էին, հիմա գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի բաժիններում ճնշող մեծամասնությունն աղջիկներ են»:
Ենթադրությանը, թե գուցե արական սեռի ներկայացուցիչները խուսափում են Գեղարվեստի ակադեմիայում ուսանելուց՝ հետագայում հանապազօրյա հացի խնդիր տեսնելու մտավախությամբ, չէ՞ որ նկարիչներըից շատերը մշտապես բողոքում են, որ չեն կարողանում վաճառել իրենց ստեղծագործությունները թե՛ հայրենիքում, թե՛ առավել ևս արտերկրում, Իսաբեկյանն արձագանքեց, թե տաղանդավոր նկարիչներն այսօր նման մտահոգություններ չեն կարող ունենալ և կարող են արժանապատիվ ապրել:
«Աշխարհը բաց է, որպեսզի իրենք իրենց արվեստով ներկայանան», - շարունակեց նա: - «Եվ ոչ միայն ցուցահանդեսներով, այլ ինչ-որ պատվերներ կատարեն»:
Արամ Իսաբեկյանը երազում է, որ արվեստի բուհեր ընդունվեն միմիայն տաղանդավոր ու օժշտված, շնորհալի մարդիկ․ - «Ես կիսվել եմ մեր ղեկավարների հետ՝ նախկին և ներկա, և հուսով եմ, որ ներկան ավելի լրջամիտ կլինի իմ խնդրանքին, որ արվեստի բուհերը լինեն միայն պետական, վճարովի համակարգ լինի միայն արտասահմանցիների համար և ինչ-որ մի որոշակի քանակ լիներ ընդունելության, որը որ կտրուկ կբարձրացներ մեր ուսումնական հաստատությունների ընդունելության որակը: Մենք չէինք ընդունի երեխաներին գումար աշխատելու համար, այլ միայն ամենատաղանդավորներին, շնորհալիներին, և կլիներ մրցույթ իսկապես: Դա իմ բաղձալի երազանքն է, որ, կարծում եմ, մի օր կստացվի»:
Անդրադառնալով իր ղեկավարած բուհի հիմնախնդիրներին՝ Իսաբեկյանն ասաց․ - «Սովետական Միության մենք շատ վատ վիճակում ստացանք այս շենքը: Իսկ հիմա բավականին լավ վիճակում ենք: Հիմա, կարծում եմ, այն ժամանակն է եկել, որ միայն որակի վրա աշխատել»: