Մատչելիության հղումներ

Ֆինանսական վնասաբեր ծրագրերը Հարավային Կովկասում ամենաքիչը գրոհում են Հայաստանի օգտատերերի համակարգիչները


Հայաստանում օգտատերերի 0,5 տոկոսը 2019 թվականի երկրորդ եռամսյակում բախվել է ֆինանսական համակարգչային սպառնալիքների այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 0,7-ական տոկոսը։ Այս մասին հաղորդում է «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:

Հայաստանի օգտատերերի նույնպես 0,5 տոկոսը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Ադրբեջանի օգտատերերի 0,7 և Վրաստանի օգտատերերի 0,6 տոկոսը, ասված է հաղորդագրությունում:

2019-ի ապրիլ-հունիսին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Բելառուսում՝ 2 տոկոս, որին հետևում են Վենեսուելան՝ 1,8 տոկոս, Չինաստանը՝ 1,6 տոկոս, Ինդոնեզիան և Հարավային Կորեան՝ 1,3-ական տոկոս, վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ երկրորդ եռամսյակում հետ են մղվել աշխարհի 228 հազար 206 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր՝ առաջին եռամսյակի 243 հազար 604-ի դիմաց։

Կիբերհանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ և փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաև սպամի, ֆիշինգի և ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային և կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում բանկային քարտերի և վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը:

Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսինջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100 տոկոսով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ «Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG