Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կոռուպցիայի դեմ կիսապայքարը ընդունելի չէ


Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը թույլ կտա իրավապահ մարմիններին հայաստանյան բանկերից ստանալ ցանկացած մեկին վերաբերող տվյալներ:

Գործող կարգի համաձայն, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն իրավապահները կարող են ստանալ, եթե տվյալ անձը մեղադրյալ է կամ կասկածյալ:

Գործադիրի նիստում հարցը ներկայացնում էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը․ - «Խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Ավելին, հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին, քանի որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները կարող են ստանալ համապատասխան տվյալներ միայն քրեական գործով արդեն իսկ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ»:
Փոխնախարարի խոսքով՝ որպեսզի քննիչը ստանա որևէ մեկին պատկանող և բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն, պետք է լինի դատարանի թույլտվությունը, իսկ մինչ այդ՝ դատարան դիմելիս քննիչը պետք է ունենա դատախազի համաձայնությունը, որն էլ իր հերթին պետք է հաստատված լինի Գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից: Բացի այդ, հանցագործությունների միայն որոշակի ցանկի դեպքում է, որ քննիչը իրավասու կլինի դիմել դատարան՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն ստանալու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման փոփոխություններ կայացնելը պատճառաբանեց կոռուպցիայի դեմ պայքարով՝ ուշագրավ օրինակ բերելով բարձրաստիճան մի պաշտոնյայի փեսայի հետ կապված․ - «Այս թեման շատ երկար և շատ բարդ, ամենատարբեր ֆորմատներով քննարկվել ա, և առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բազմաթիվ մտավախություններ և էսպես շարունակ: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հետևյալն ա․ մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետև կիսապայքարը ընդունելի չի»:

Կատարվող փոփոխությունը Փաշինյանը բնութագրեց որպես իր գլխավորած կառավարության «ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը», որի ընդունման հետ կապված կայացվել է քաղաքական որոշում․ - «Ես ձեզ կոնկրետ ասեմ․ էս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ որ իմացել ենք, որ իքսը՝ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ասենք, ապօրինի կերպով ձեռք բերված գույքը վաճառքի ա հանել: Էդ գույքը ֆորմալ ձևակերպված ա ուրիշ մարդու անունով, էդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան: Էդ գույքը վաճառվել ա, և էդ գույքը իմացել ենք, որ վաճառվելու ա, և գումարը Հայաստանի Հանրապետությունից հանվելու ա դուրս: Ըստ էության, մեր ոչ թե աչքի առաջ․ բայց իմացել ենք, որ այ, հիմա էդ բանը տեղի ա ունենում․ բայց էնպիսի սահմանափակումներ ա եղել օրենսդրությամբ, որ մենք ստիպված ենք եղել․․․ այսինքն կամ պիտի մենք ապօրինի, շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ, կամ էլ մենք պետք ա լուռ հետևեինք, թե ոնց են բան անում, թալանվածը թաքցնում»:

Հարցը բավականին երկար քննարկվեց կառավարության այսօրվա նիստում, ողջ նիստը տևեց երկու ժամից ավելի, իսկ միայն այս հարցի քննարկումը՝ կես ժամից ավելի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․ - «Շատ կարևոր հարց է, որպեսզի այստեղ չլինի թյուրըմբռնում: Որովհետև եթե բանկային եղանակով փոխանցման մեջ կա երկու կողմ, և այս ընթացակարգով մեր համար կասկածելի կողմի մասով մենք տեղեկություն վերցնում ենք, դա չի նշանակում, որ ինքը պետք է ավտոմատ տեղեկություն ստանա նաև մյուս կողմի մասին: Եվ սա ամենանուրբ ու վտանգավոր հարցն է»:

Պատասխանեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․ - «Այսպիսի վտանգ չկա, և հանցագործությունների քննության պրոցեսը հենց Ձեր ասածի ճիշտ հակառակ տրամաբանությունն ունի: Նույն հաջողությամբ մենք դատարանի որոշմամբ գաղտնալսում ենք Ա-ին, լսում ենք նաև Բ-ի խոսակցությունը, չէ՞: Նույն հաջողությամբ մենք Ա-ի տանը խուզարկություն ենք իրականացնում, կարող է Բ-ն նրա տանը ինչ-որ իրեր թաքցրած լինի: Եվ սա ոչ մի կերպ իրավական առումով չի կարող դիտարկվել մյուսի իրավունքների խախտում: Այլ բան է, որ այս ստացած տեղեկությունները մյուսի դեմ քրեադատավարական առումով դու չես օգտագործում»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ - «Եթե հիմա ինչ-որ սուբյեկտի գաղտնալսման որոշում ա կայացվել, իրավապահ մարմինը ո՞նց որոշի ում ա ինքը զանգելու, որ գնա նրան էլ գաղտնալսելու որոշում կայացնի: Պրակտիկայում անհնար է»:

Դիմեցինք Հայաստանի բանկերի միություն, որտեղից արձագանքեցին․ - «Ընդհանրապես, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը մեծագույն ձեռքբերում է համարվում և իր դրական ազդեցությունն է ունեցել բանկային համակարգի կայացման ու զարգացման վրա: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի շրջանակների ցանկացած նեղացում բացասական ազդեցություն է ունենալու համակարգի վրա, որի հետևանքները ժամանակի ընթացքում նկատելի են լինելու, և այդ տրամաբանությունից ելնելով՝ օրենքի շրջանակի յուրաքանչյուր նեղացում Հայաստանի բանկերի միությունը կդիտարկի որպես հետքայլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG