Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չորեքշաբթի օրն ընդունելով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ այս այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:
Մնացականյանը և Քուփերը բարձր են գնահատել ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս համատեքստում ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այդ առնչությամբ նաև բարձր է գնահատվել ԱՄՆ-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրած ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման սկզբում Տոնոյանը հիշատակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, նշելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն նմանատիպ գործողություններն ապագայում կանխելու համար։
Նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը, արձանագրելով, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաև հույս հայտնել, որ համագործակցության զարգացումը շարունակական բնույթ կկրի։
Քուփերը նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը խաղաղության ու անվտանգության հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ը բարձր է գնահատում շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում։
ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը բազմաթիվ ընդհանուր շահերի, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորման շուրջ։