Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահ․ Ռուսական գազի գինն իջեցնելու համաձայնություն է ձեռք բերվել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2019թ․

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կիրակի օրը հայտնել է, որ ձեռք է բերվել ռուսական գազի գինն իջեցնելու համաձայնություն:

«Պայմանավորվել ենք, որ այս տարի սակագնի բարձրացում չի լինի, իսկ հոկտեմբերի 1-ից այն կիջեցվի», - Ֆեյսբուքում գրել է Դոդոնը:

Ռուսական գազը Մոլդովա է փոխադրվում Ուկրաինայի տարածքով: Ավելի վաղ Մոլդովայի նախագահը մտահոգություն էր հայտնել, որ 2020 թվականի հունվարից այդ տրանզիտը կարող է փակվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Կրեմլում ընդունել է Իգոր Դոդոնին:

«Մենք գազի մատակարարման հարցում եկել ենք սկզբունքային համաձայնության, ըստ որի՝ սակագինը սպառողների համար չի աճի», - հանդիպումից հետո ասել է Մոլդովայի նախագահը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Քիշնևը և Մոսկվան դեռ պետք է համաձայնեցնեն այս հարցին առնչվող մի շարք հանգամանքներ:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվրոպայում բնական գազի սակագինն իջել է և այսօրվա դրությամբ ամենացածրն է վերջին տասնամյակում: Դա պատճառաբանվում է, մի կողմից, նվազ պահանջարկով, մյուս կողմից՝ Ամերիկայից հեղուկ գազի մատակարարման ծավալի աճով:

Մոլդովայի և «Գազպրոմ»-ի պայմանագրի ժամկետը աստիճանաբար մոտենում է ավարտին, ինչը Քիշնևին և Մոսկվային ստիպել է նոր սակագնի շուրջ բանակցել: Կողմերը դեռ չեն հայտնում, թե կոնկրետ ինչ սակագին կսահմանվի վերջնական սպառողի համար, սակայն վերջին շրջանում մոլդովացի տնտեսագետները նկատել են տվել, թե Քիշնևը 25-30 տոկոսի զեղչ է ակնկալում:

Մոլդովան Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկն է, և գազի սակագնի աճը ծանր հարված կհասցներ ճգնաժամի մեջ գտնվող մոլդովական տնտեսությանը:

Իգոր Դոդոնը և Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը քննարկել են նաև Մերձդնեստրի 30-ամյա հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը:

«Խոսելով Մերձդնեստրի մասին՝ ես ընդգծել եմ, որ քաղաքական կարգավորման ընդունելի տարբերակի համար պետք է ջանքերը միավորեն 5+2 ձևաչափով քննարկումներում ընդգրկված բոլոր կողմերը», - Ֆեյսբուքում գրել է Մոլդովայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG