Մատչելիության հղումներ

«Մենք հողամաս չունենք հնձելու». Սարատովկայի բնակիչները դժգոհում եմ


Այս տարի երաշտի պատճառով խոտի քիչ քանակից դժգոհ Սարատովկայի բնակիչները ջրի երես են հանել յոթ տարի առաջ իրենց գյուղապետարանում արված գործարքները, որով իրենք իրենց ձեռքով գրություն են գրել ու հրաժարվել սեփական հողատարածքից։ Լոռու մարզպետարանից ու Տաշիրի համայնքապետարանից գյուղացիների՝ վարչապետին հասցեագրված բողոք-դիմումների հիման վրա այցելած մասնագետներին ասում էին, թե նախկին գյուղապետը հողերը ձեռքներից առել է այլ տեղերում նույն չափով սեփական հողատարածք տալու պայմանով, բայց մինչ օրս տեղական իշխանությունը չի կատարել խոստումը։

«Մենք հողամաս չունենք հնձելու, մեզանից սեփական հողամասերը խլեցին՝ խաբելով, որ մեզ պետք է ուրիշ տեղ հողամաս տան», - նշեց Սարատովկայի բնակիչներից մեկը։

2012 թվականին նախկին գյուղապետ Գառնիկ Մարդոյանը դիմել է բնակիչներին, նրանցից ստացել սեփական հողերից հրաժարվելու մասին գրավոր համաձայնություն ու ընդհանուր առմամբ 60 հա հողատարածքն անհատույց տվել «Էյ Թի Ջի պրոջեկտ» բարեգործական հիմնադրամին անտառ տնկելու նպատակով։ Տարածքն այժմ դարձյալ փոխանցվել է համայնքին՝ արդեն նորատունկ անտառի տեսքով, բայց գյուղացիները դժգոհ են՝ հատկապես երաշտի տարիներին, երբ խոտը չափազանց քիչ է, խոտհարքները չեն հերիքում, մանավանդ որ արդեն սեփական տարածքներ չունեն։ Այն, ինչ հնձում են, համայնքինն է։

Մարզպետարանի ներկայացուցիչների հարցին՝ եղե՞լ է դեպք, որ գյուղապետին խոտհարքի համար դիմել է, նա էլ հրաժարվել է, գյուղի բնակիչներից մեկը պատասխանեց. «Հա, ինձ ընդհանրապես չի տվել»։

Քննարկումը տեղափոխվեց նախկին գյուղապետ Գառնիկ Մարդոյանի աշխատասենյակ, որն այսօր Տաշիրի հետ միավորված Սարատովկայի վարչական ներկայացուցիչն է։

Մարզպետարանի ներկայացուցչի այն հարցին, թե գյուղացիները դիմումը իրենց կամքո՞վ են ներկայացրել, թե՞ ինչ-որ պարտադրանք է եղել, դա ի՞նչ սկզբունքով է եղել, Մարդոյանը պատասխանեց. «Հո ծեծի չեմ ենթարկել, իրանք իրանց կամքով եկել են սիրուն հրաժարվել են՝ մի հեկտարից հրաժարվել են, հինգ հեկտար տվել եմ»։

«Էդ յոթ հեկտարը սեփական հող չի, յոթ հեկտարը տվել եք ժամանակավոր, որ էս տարի էլ ասեցիք՝ «էկող տարի չեմ տա», այսինքն՝ մի հոգու որոշումով ես կարող է հողից զրկվեմ», - Մարդոյանին հակադարձեց բնակիչներից մեկը։

Հարցին էլ, թե իրենց ո՞վ է ստիպել, որ հրաժարվեն, կամավո՞ր են հրաժարվել, Սարատովկա գյուղի բնակիչն արձագանքեց. «Հավատացել եմ պարոն Մարդոյանին»։

Վարչապետին ուղարկած նամակում գյուղի բնակիչները գրել են, թե Գառնիկ Մարդոյանը գյուղում հնձում է «հարյուրավոր հեկտարներ և հարստանում, մինչդեռ գյուղացիներն ստիպված են վաճառել իրենց անասունները բավարար անասնակեր չունենալու պատճառով»։ Սարատովկայի վարչական ներկայացուցիչը հերքեց բոլոր մեղադրանքները։

Տաշիրի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի մասնագետները քննարկումից հետո արձանագրեցին, որ տարիներ առաջ Սարատովկայի բնակիչներն իրենց կամքով են հրաժարվել սեփական հողերից, և հեռացան՝ նրանց թողնելով իրենց խնդիրների հետ։ Այս տարի բոլոր անասնատերերն ստացել են աննախադեպ ցածր քանակի խոտ և կանգնել են անելանելի դրության առաջ՝ ստիպված են նվազեցնել անասնագլխաքանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG