Ռուսաստանը տարբեր երկրներում քարոզչության համար օգտագործում է նաև պետական ֆինասնավորմամբ գործող լրատվամիջոցների հնարավորությունները։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն օրինակ է բերում «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, որը 2015-ից նաև հայաստանյան մասնաճյուղ ունի։
«Ռուսաստանը օգտագործում է «Սպուտնիկ»-ի բոլոր կառույցները՝ տարբեր լեզուներով և Russia Today-ի ռեսուրսները, որպեսզի ազդեցություն ունենա տարբեր հատվածներում: Օրինակ, «Սպուտնիկ»-ը շատ լուրջ ազդեցություն ունի իսպանալեզու..․ մի պատկերացրեք, որ «Սպուտնիկ»-ը մենակ հայերի վրա ա նստած: Իրենք փորձում են ռուսաստանյան քարոզչությունը տարբեր ուղիներով տարածել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնը երեկ հետաքննություն էր հրապարակել, որում ասվում է, թե «Սպուտնիկ»-ի հայկական ծառայությունը ֆեյսբուքյան տարբեր բովանդակությամբ էջերով թիրախավորում է հայկական սփյուռքը:
Հեղինակը պնդում է, որ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ առնչվող էջերը բաղադրատոմսերի, սպորտի, գեղեցիկ կանանց, ինչպես նաև հայկական մշակույթի, քաղաքականության և ինքնության մասին են՝ նշելով սակայն, որ, փորձագետների համոզմամբ, Կրեմլն այդ կերպ փորձում է սփյուռքահայերից կազմված լոյալ լսարան ստեղծել, որի միջոցով կկարողանա ազդեցություն գործել հայաստանյան հանրության, ներքին և արտաքին քաղաքականության վրա: Ի դեպ, այդ էջերի մեծ մասն արդեն հասանելի չեն Ֆեյսբուքում։
Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ - «Հաշվի առնելով, որ հաճախ բացահայտ քարոզչական նյութեր են լինում, երբ որ չկա երկրորդ կարծիք և այլն, դրանից օգտվելով, էս ամենն ընկնում է ֆեյք նորությունների տակ, իսկ սոցիալական ցանցերը, հատկապես Ֆեյսբուքը գերադասում է նմանատիպ դեպքերում փորձել վերացնել էջերը։ Փաստացի «Սպուտնիկ»-ի վրա մի քանի ամիս առաջ նույնպես Ֆեյսբուքը լուրջ գործողություններ արեց, բազմաթիվ էջեր հեռացվեցին»:
Հայաստանյան փորձագետները փաստում են, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում օգտատերերի գերակշիռ մեծամասնությունն այդ առումով խոցելի է, քանի որ մեդիագրագետությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Այսինքն՝ այն ինչ հայտնվում է Ֆեյսբուքի լրահոսում, մարդիկ հավատում են՝ չստուգելով, առանց հաշվի առնելու, թե որտեղ է տեղեկությունը հրապարակվել, ինչ բովանդակություն ունի։
Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանի խոսքով, Հայաստանը «շատ պարարտ հող ա այդ առումով»․ - «Որովհետև մեդիագրագիտության խնդիր կա, ու դա շատ ակնհայտ զգացվում է մանավանդ քաղաքական բուռն իրադարձությունների նախաշեմին: Վերջին իրադարձությունը երևի դեկտեմբերի 9-ի ընտրություններն էին, դրան նախորդող ժամանակահատվածում, երկու-երեք ամիս առաջ մի քանի հազար ֆեյք օգտատերեր ստեղծվեցին, որոնք, հիմա եթե նայում ենք այդ ցուցակը, մեծ մասը ուղղակի գոյություն չունեն»:
Սամվել Մարտիրոսյան․ - «Հիմա բոլորը փորձում են այդ մեթոդները կիրառել: Այսօր բազմաթիվ երկրներ կան, որ ունեն ինտերնետի «ֆեյքերի ֆաբրիկաներ»: Օրինակ, վերջին բացահայտումներից մեկը եղավ, որ Վրաստանում մեկ ամիս առաջ բախումները որ եղան ոստիկանության հետ, ընդդիմությունը փաստացի մեղադրում էր իշխանություններին կոնկրետ օրինակներով, որ օգտագործվել են ֆեյքեր այդ պահին Ֆեյսբուքում ու Թվիթերում, որպեսզի ազդեցություն ունենան մարդկանց վրա»:
Ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները սակայն, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ փոխկապակված էջերում չեն հայտնաբերել Կրեմլի կողմից ակնհայտ քարոզչական գործունեություն, այդուհանդերձ ենթադրում են, որ քաղաքական լարված ժամանակաշրջանում «Սպուտնիկ»-ը կարող մոբիլիզացնել իր գաղափարական քարոզչությունը՝ այն օտագործելով հայկական սփյուռքի վրա ազդեցություն ունենալու համար։
Մինչ այդ փորձագետները նկատում են, որ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ առնչվող ֆեյսբուքյան էջերում պարբերաբար հայտնվում են այնպիսի տեղեկություններ, որտեղ Հայաստանը բնութագրվում է թույլ, հարևանների հետ լարվածության մեջ գնտվող պետություն, իսկ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի պաշտպան։
«Ազատությունն» այսօր փորձեց մեկնաբանություն ստանալ «Սպուտնիկ Արմենիա»-ից, սակայն գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն հրաժարվեց՝ ասելով, որ ավելի վաղ պետք է մեկնաբանություն վերցնեինք։
Գործակալությունը Հայաստանում գործում է 2015 թվականից, ունի կայք, առաձին ռադիոհաճախականություն, վերջերս էլ հրապարակվում է նաև արևմտահայերենով սփյուռքի ընթերցողների համար:
32 լեզվով գործող «Սպուտնիկ»-ը ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, որը ստեղծվել է 2014-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով։ «Սպուտնիկ»-ը ֆինանսավորվում է ՌԴ պետական բյուջեից:
Գործակալության ֆեյսբուքյան էջում գրված է, որ ռուսական իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին արգելվում է միջամտել խմբագրության քաղաքականության հարցերին։