Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը


Պատգամավոր Արման Բաբաջանյան, արխիվ
Պատգամավոր Արման Բաբաջանյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն», - Ֆեյսբուքում գրում է պատգամավորը՝ շարունակելով․ - «Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում»:

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ըստ Բաբաջանյանի, «ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից», ընդ որում՝ «ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»:

«Թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց մենք ունենք հեղափոխության, հեղափոխության օրակարգի հետ ներքին և արտաքին քաղաքականությունների անհամապատասխանություն ու անհամարժեքություն, ինչն ուղղակի ազգային անվտանգությանը սպառնացող հարց է և վտանգում է առաջին հերթին թավշյա հեղափոխությունը», - ասված է հայտարարությունում:

«Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են և պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը: Հեղափոխությունը Հայաստանին տվել է բացառիկ պատմական հնարավորություն, և մենք ուղղակի իրավունք չունենք մսխելու այդ հնարավորությունը: Սերունդները չեն ների մեզ դրա համար», - գրում է Արման Բաբաջանյանը:

«Վերը նշված պատճառներն ու գործոնները այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում», - ամփոփում է պատգամավորը՝ վերջում առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներին՝ միասին անցած ճանապարհի համար։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG