Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը


Պատգամավոր Արման Բաբաջանյան, արխիվ
Պատգամավոր Արման Բաբաջանյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն», - Ֆեյսբուքում գրում է պատգամավորը՝ շարունակելով․ - «Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում»:

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ըստ Բաբաջանյանի, «ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից», ընդ որում՝ «ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»:

Պատգամավորի համոզմամբ՝ այդ իրավիճակի հետևանքն է «այն իրողությունը, որ այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի»․ - «Նրանց ներկայությունն ու ակտիվությունը այսօրվա քաղաքական կյանքում խորհրդարանի անգործության ու քաղաքական դաշտում ունեցած զրոյական դերակատարության ուղիղ հետևանքն են: Խորհրդարանական ուժերը չեն կարողացել քաղաքական օրակարգն ու քաղաքական դիսկուրսը պահել խորհրդարանում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք արտախորհրդարանական ձևախեղված քաղաքական հարաբերություններ, որոնցում գերիշխում է ռևանշիզմը»:

«Թավշյա հեղափոխության օրակարգին անհամարժեքությունն ու անհամապատասխանությունը դրսևորվում են ոչ միայն ներքին կյանքում, այլև արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի գործող իշխանությունը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու: Անցած մեկուկես տարիները ցույց են տվել, որ իսկապես շրջադարձեր չեն եղել: Շրջադարձեր չկատարելը, սակայն, չպետք է ենթադրեր, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու», - պնդում է Բաբաջանյանը:

«Այսպիսով, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց մենք ունենք հեղափոխության, հեղափոխության օրակարգի հետ ներքին և արտաքին քաղաքականությունների անհամապատասխանություն ու անհամարժեքություն, ինչն ուղղակի ազգային անվտանգությանը սպառնացող հարց է և վտանգում է առաջին հերթին թավշյա հեղափոխությունը», - ասված է հայտարարությունում:

Պատգամավորը վստահ է, որ «բոլոր բացասական երանգներով հանդերձ՝ իրավիճակը հոռետեսական չէ և ոչ էլ, առավել ևս, փակուղային»: «Թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը իրավագիտակից քաղաքացիների արթնացումն է թմբիրից, ինչի արդյունքում հասարակությունը, որքան էլ հակառակը պնդեն, դարձել է սուբյեկտ ու գոնե անուղղակի ազդեցություն ունի որոշումների կայացման գործընթացում: <...> Հեղափոխություն իրականացրած հասարակությունը այլևս պահանջատեր է և իրավագիտակից: Ու եթե անգամ նվազում է իշխանության վարկանիշը, ապա պայմանականորեն ասած՝ հեղափոխության վարկանիշը մնում է անփոփոխ. Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը հավատում է հեղափոխությանն ու նրա արժեքներին, և մեր բոլորի խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ որևէ պարագայում այդ հավատը արժեզրկվի: Հետևաբար մեր խնդիրն է ստեղծել համապատասխան միջավայր և ձևաչափեր առաջին հերթին հանրության իրավագիտակից հատվածի միախմբման համար», - գրում է Բաբաջանյանը՝ շարունակելով․ - «Ժամանակը հասունացնելու է այդ տրամադրություններին քաղաքական ձևակերպումներ տալու անհրաժեշտությունը: Որովհետև եթե խորհրդարանը փաստացի անգործունակ է, ապա խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը»:

«Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են և պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը: Հեղափոխությունը Հայաստանին տվել է բացառիկ պատմական հնարավորություն, և մենք ուղղակի իրավունք չունենք մսխելու այդ հնարավորությունը: Սերունդները չեն ների մեզ դրա համար», - գրում է Արման Բաբաջանյանը:

«Վերը նշված պատճառներն ու գործոնները այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում», - ամփոփում է պատգամավորը՝ վերջում առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներին՝ միասին անցած ճանապարհի համար։

Արման Բաբաջանյանի հայտարարությանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ առաջարկելով վերադարձնել պատգամավորական մանդատը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG