Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները դեմ են «Երեխաների քաղաք» կառուցելու ծրագրին


«Շատ նման է լաբորատորիայի», - ասում են հաշմանդամություն ունեցող անձինք, որ այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ «Ո՛չ մեկուսացմանը» կարգախոսով։

17 կազմակերպություններ են միավորվել, որպեսզի արգելեն «Երեխաների քաղաքի» կառուցումը:

«Պահանջում ենք, որ կառավարությունը հետ կանչի հողհատկացման ծրագիրը», - ասում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արև Մելքոնյանը:

Կառավարությունը օգոստոսին որոշում է կայացրել Արարատի մարզի երկու համայնքներում հողատարածք հատկացնել «Հայկական Կարիտաս»-ին՝ «Երեխաների քաղաք» նախագծի համար: Ըստ նախագծի, մանկական քաղաքում մոտ 600 երեխաներ՝ հաշմանադամություն ունեցող կամ խոցելի ընտանիքներից, պետք է կրթական, առողջապահական ծառայություններ ստանան ապահով միջավայրում: Այս քաղաքում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքների հետ հատուկ սոցիալական տներում:

Հաշմանդամություն ունեցողները որոշման ընդունումից ի վեր պնդում են՝ մենք այդպիսի քաղաքի բնակիչներ չենք ուզում լինել:

«Մենք առանձնացնում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներին և սոցիալապես անապահով երեխաներին մի վայրում և մեկուսացնում ենք հասարակությունից», - ասում է ցույցի մասնակից Ամալյա Հարությունյանը:

«Կառավարությունը, օրինակ, որոշում է փող տրամադրել իքս կազմակերպությանը: Ասենք, 100 միլիոն դոլար փող ա տալիս միայն նրա համար, որ այնտեղ շատ հիասքանչ, պուպուշ, քնքուշ դրախտային քաղաք են սարքելու էն կանանց համար, որոնք ամուսնացած ու բաժանված են: Ժողովրդի շրջանում, երբ որ այդ քաղաքը լցվի այդ կանանցով, այդ քաղաքի անունը ի՞նչ կլինի», - ասում է բողոքողներից Ռուդոլֆ Զաբրոդինը:

Հաշմանդամություն ունեցողներն ու նրանց ծնողները վստահ են, որ խնդիրներ ունեցող մարդկանց մեկ տեղում հավաքելը խտրականություն է և հակասում է միջազգային կոնվենցիաներին, Սահմանադրությանը և ի վերջո Հայաստանի որդեգրած ներառման սկզբունքին։

Նրանք դեմ չեն, որ դա լինի վերականգնողական կենտրոն, կամ այդ քաղաքի կառուցման փողը թող տան համայնքներին: Եվ ոչ թե իրենց առանձնացնեն, այլ հարմար պայմաններ ստեղծեն ողջ երկրով մեկ:

Այս որոշումը շաբաթներ շարունակ քննարկվում է հանարային հարթակներում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր վերապահումով մոտեցել նախագծին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր մտահոգվել՝ սա կնպաստի կարծրատիպերի և խարանի խորացմանը։

Իսկ փորձագետ-ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը սա անվանել էր «երեխաների ԳՈւԼԱԳ»՝ հավելելով․ - «Նման պրակտիկա մենք ունեցել ենք վաղ միջնադարում, երբ եկեղեցին ստեղծում էր անկելանոցներ»:

Շաբաթներ շարունակ քննարկումներին չէր արձագանքում «Հայկական Կարիտասը», և միայն այսօր բարեսիրական կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը մանրամասներ ներկայացրեց իրենց առաջարկի մասին, որ ստացել էր կառավարության հավանությունը:

«Ծրագրի անվանման հետ կապված երևի աղմուկը ավելի շատ բարձրացավ՝ «Երեխաների քաղաք», որի հետ կապեցին այդ մեկուսացումը: Բայց «Հայկական Կարիտասը», իր արժեքներից և սկզբունքներից ելնելով, երբեք չէր նախաձեռնի մի ծրագիր, որը ուղղված կլիներ երեխաների մեկուսացմանը», - ասաց Գևորգյանը:


Նա ասում է, թե իրենց պայքարի թիրախում էլ մեկուսացումն է, ու հենց դա կանխելու համար սկսել են քննարկումներ նախագիծը վերանայելու ուղղությամբ․ - «Մենք աշխատում ենք, որպեսզի լրամշակենք գաղափարը և հանդես գանք նոր առաջարկով»:

Անահիտ Գևորգյանը շեշտում է, որ իրենք ցանկանում են ստեղծել կրթական, սոցիալական ու տնտեսական բաղադրիչներով բնակավայր, որտեղ մարդիկ կստանան այլընտրանքային կրթություն և այդ ամենը տեղում կիրառելու հնարավորություն:

Նա շեշտում է, որ ծրագիրը բաց է լինելու բոլորի համար․ - «Միանշանակ միայն հաշմանդամություն ունեցող երեխաները չեն լինելու, այլ, դիտելով մեդալի մյուս կողմից՝ հաշմանդամություն ունեցող երեխաները կունենան հնարավորություն մյուսների հետ զուգահեռ դիմելու: Այսինքն՝ մեր ծառայությունները լինելու են հասանելի»:

«Հայկական Կարիտասը» մտադիր է 15 հեկտարի վրա 20 միլիոն դոլարանոց քաղաք կառուցել: Նախագծի այլ մանրամասները և թե կոնկրետ ովքեր են լինելու քաղաքի բնակիչները, առայժմ քննարկում ու վերանայում են նախորդ տարբերակը:

Կառավարության շենքի առջև բողոքող քաղաքացիներին հետ այսօր զրուցեց փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ վստահեցնելով, թե նոր քննարկում կանցկացվի:

Հավաքվածներից Ռուզաննա Ղազարյանը դարձյալ կառավարությանը դիմեց՝ եթե ուզում են իրենց համար նոր հնարավորություն ստեղծել, թող ստեղծեն հենց իրենց միջավայրում, նոր քաղաք պետք չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG