Մատչելիության հղումներ

«Շատ լավ հղիություն տարավ, բոլորս ուրախանում էինք»․ Մարգարյանում մահացած ծննդկանի հարազատները հարցեր են բարձրացնում


Սեպտեմբերի 2-ին Լուիզա Ավետիսյանը Մարգարյանի ծննդատանը մահացել է բուժանձնակազմի անուշադրության և ոչ պրոֆեսինոլիզմի հետևանքով, վստահ են 24-ամյա կնոջ հարազատները։

«Շատ լավ հղիություն տարավ, բոլորս ուրախանում էինք, որ ինքն ուրախ ա, թռվթռուն ա, շատ թեթև հղիություն է տարել, ոչ մի չի բողոքել», - պատմում են նրանք:

Լուիզայի հղիությունը հսկել են նույն բուժհաստատությունում՝ Երևանի կենտրոնում գտնվող մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնում՝ առավել հայտնի որպես Մարգարյանի ծննդատուն։

Հղիության ընթացքում որևէ բարդություն ու որևէ առողջական խնդիր չունեցած Լուիզան ուրբաթ դիմել է իր բժշկին բարձր ճնշման պատճառով, հերթապահ բժիշկն ասել է, խնդիր չկա՝ մի անհանգստացեք։

Շաբաթ կիրակի, ըստ հարազատների, հիվանդանոցում 36 շաբաթական հղի Լուիզան առանձնապես մեծ ուշադրության չի արժանացել, թեև հոսպիտալացված է եղել ու ունեցել կրկին բարձր ճնշում, պատմում են աղջկա հորաքույրն ու հորեղբոր կինը։ - «Երկուշաբթի առավոտյան արդեն բարձրացել է 210, ու երեխան զանգում ա՝ քույրն ու հարսը ճանապարհին էին, գնում էին հիվանդանոց, ասում ա՝ ինձ տանում են կեսարյան, կգաք շուտ հասնեք՝ տեսնվենք», - պատմում են նրանք:

Լուիզան չի տեսել ոչ հարազատներին, ոչ էլ ամուսնուն ու սեփական երեխային։ Առավոտյան ընդհանուր անզգայացմամբ՝ նարկոզով իրականացված կեսարյան հատումից հետո նա այդպես էլ գիտակցության չի եկել։

Հարազատներին Լուիզայի մահվան մասին տեղեկացել են միայն երեկոյան, հստակ չգիտեն՝ նա որ ժամին է մահացել։ Բացի այդ, ընտանիքի կարծիքով, նրա վիճակի ծանրության մասին իրենց դիտավորյալ խուսափել են հայտնել, առավոտյան չեն տեղեկացրել նաև, որ աղջկան անհապաղ կեսարյանի են տանում, հետո էլ ժամերով ներքև չեն իջել:

«Մենք բժիշկ չենք, բայց գիտակցում ենք, որ նախ պետք ա հարցնեն՝ գրավոր մի հատ չհարցնե՞ն, որ տանում ենք վիրահատելու: Ոչ մի համաձայնություն՝ ծնողի, ամուսնու․․․», - ասում են հարազատները:

Լուիզայի հորաքրոջ՝ Լուսիկ Ավետիսյանի կարծիքով՝ ծննդատունը պարտավոր էր ժամանակին այլ՝ բազմապրոֆիլային հիվանդանոցից մասնագետներ կանչել, սակայն չի արել, իսկ էրեբունիից ժամանած բժիշկների խումբը եկել է միայն հարազատների զանգից հետո։ - «Բոլորս հարձակվել ենք, թե՝ ինչի՞ եք ուշացել: Էդ վարորդը, բժիշկը ասացին՝ մեզ 10 րոպե առաջ են տեղյակ պահել: Եվ մերոնցից մեկի զանգով են եկել», - պատմում է հորաքույրը:

Լուիզային այդպես էլ չեն տեղափոխել այլ բուժհաստատություն․ հարազատների կարծիքով՝ հավանաբար արդեն ուշ է եղել, աղջկա վիճակը կտրուկ վատացած է եղել հենց կեսարյան հատման ժամանակ։ Ասում են՝ հետևողական են լինելու, որ մեղավոր բժիշկները նախ պատժվեն, բացի այդ հեռանան հիվանդանոցից, որպեսզի նույն ողբերգությունը չկրկնվի Մարգարյանում։

Ոստիկանությունից տեղեկացանք, որ այսօր երեկոյան արդեն քրեական գործ է հարուցվել «բժշկական մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» հոդվածով։ Դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները դեռ չկան։

Մարգարյան ծննդատանը այսօր քար լռություն էր։ Բուժհաստատության ղեկավար Գեորգի Օկոևը դեռ արձակուրդում է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Առուստամյանը մեր հարցերի պատասխանները չուներ: - «Բոլոր հարցերի պատասխանները կլինեն միայն փորձագիտական եզրակացության առկայության դեպքում: Իհարկե, դա անդառնալի կորուստ է և ես հավատացնում եմ, որ անդառնալի կորուստ է ոչ միայն հարազատների, այլ ողջ բուժանձնակազմի համար», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Առուստամյանը:

Առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնում է․ - «Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` և կազմակերպվել է կոնսիլիում:

Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել։

Նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG