Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պետք է թույլ տար, որ այդ մարդիկ ներս մտնեին ԱԺ բակ․ Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը այսօր պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Ստորև ներկայացնում ենք «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարից մի հատված:

Հարց․ - Ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա բացասաբար է արտահայտվում հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի մասին:

Ալեն Սիմոնյան․ - Բնական է՝ բացասական եմ վերաբերվում: Ես համարում եմ Վիտալի Բալասանյանին Սերժ Սարգսյանի բանակցող, որովհետև իմ անցած փորձը ինձ դա է ցույց տվել: Վիտալի Բալասանյանը այն մարդն է, որ բանակցում էր Սերժ Սարգսյանի անունից «Սասնա ծռերի» հետ և դրանից հետո պաշտոն ստացավ: Եվ մի գաղտնիք հիմա պիտի բացեմ՝ ինքը այն մարդն է, որը հեղափոխության ամենաթեժ օրերին զանգահարել էր վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանին և առաջարկում էր հանդիպել և քննարկել ինչ֊որ բաներ: Ես հեռախոսազրույցին ականատես եմ եղել, այսպես ասած, կողքից, և լսել եմ միայն այն, որ պարոն Փաշինյանը, մեղմ ասած, մերժել է այդ քննարկումը և այդ խոսակցությունը շարունակելը:

Հարց․ - Ուզում եմ լսել Ձեր մեկնաբանությունը օգոստոսի 19-ին Ամուլսարի հարցով ցուցարարներին ԱԺ բակ ու Բաղրամյան 26 չթողնելու և նրանց դեմ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու վերաբերյալ: Ձեր կարծիքով ինչո՞ւ փակվեցին այդ դարպասները:շ

Ալեն Սիմոնյան․ - Ես չգիտեմ և համարում եմ, որ երկուստեք սխալ էր: Նախ՝ անկեղծ, որպես նախկին ցուցարար և ինչու ոչ՝ չեմ բացառում որ նորից ցուցարար կլինեմ, ես անկեղծ չէի հասկանում իմաստը՝ մտնել Ազգային ժողով, որտեղ ոչ աշխատող կա՝ ԱԺ-ն արձակուրդ էր այդ պահին: Բայց, այնուամենայնիվ, ոստիկանությունը պետք է թույլ տար, որ այդ մարդիկ ներս մտնեին: Կարծում եմ՝ իրենք ըստ իրավիճակի են որոշում կայացրել:

Հարց․ - Դեռ շարունակո՞ւմ եք մտածել, որ Գագիկ Խաչատրյանի քրեական գործն ավելի կարևոր հարց է, քան Ամուլսարը:

Ալեն Սիմոնյան․ - Դա գիտե՞ք ինչ հարց է՝ ո՞վ է ավելի ուժեղ՝ Ջեքի Չանը, թե Բրյուս Լին: Այդ մակարդակի հարց է: Ինչպե՞ս կարելի է մեկը մյուսի հետ համեմատել։ Ինձ համար Գագիկ Խաչատրյանի գործը ավելի կարևոր է, որովհետև Ամուլսարի հետ կապված ոչ մի որոշում չկա և ես վստահում եմ և գիտեմ, որ կառավարությունը ոչ մի այնպիսի որոշում չի կայացնի, որը կարող է Հայաստանի Հանրապետության բնությանը, որևիցե բնակչին վտանգ սպառնա:

Ես այս հարցի մասնագետը չեմ, ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ:

Տեսեք՝ հակառակ կողմն ասում էր, որ այն կազմակերպությունը՝ «Էլարդը», որը արել է այդ հետազոտությունը, վստահություն չի ներշնչում, ճի՞շտ է: Հիմա այս «Սկայպը», որտեղ հարյուր անգամ ասվեց, որ վստահություն չի ներշնչում, թերի է, թերի է, թերի է․․․ հիմա այդ ասածը վստահություն ներշնչո՞ւմ է: Ինչի՞ համար՝ որովհետև համընկնում է կարծիքի հե՞տ․․․ եկեք տեսնենք այս քննարկումը ուր կբերի, բայց ելնենք այն ճշմարտությունից, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը չի անի որևէ քայլ, անկախ նրանից, թե ինչ գումարի հետ դա կապված կլինի, որը կվնասի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բնությանը և պետականությանը:

«Ազատություն»․ - գիտեք Թեղուտի դեպքում ինչ եղավ, մյուսների դեպքում ինչ եղավ․․․

Ալեն Սիմոնյան․ - Եթե֊ն երբ որ գա՝ այդ ժամանակ եթե Դուք ինձ հրավիրեք այստեղ, եթե ես տեղեկացված լինեմ․․․

«Ազատություն»․ - Ես չեմ հրավիրի, եթե մի բան լինի Դուք կգնա՞ք Ջերմուկ այդ մարդկանց․․․

Ալեն Սիմոնյան․ - Ես երբևիցե չեմ վախեցել որևիցե տեղ գնալուց ու ապագայում չեմ վախենալու:

«Ազատություն»․ - Ու ի՞նչ պիտի ասեք, եթե Ձեզ ցույց տան վնասները, ասեն՝ տեսեք:

Ալեն Սիմոնյան․ - Այն հեքիաթները, որ «երեք ոտանի երեխաներ են ծնվելու»․․․

«Ազատություն»․ - Այդ հեքիաթները Ձեր խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է ասել, եթե Դուք դա հեքիաթ եք որակում:

Ալեն Սիմոնյան․ - Շատ սխալ է արել: Այո, ես դա որակում եմ որպես հեքիաթ ու շատ բացասական եմ գնահատում իր ասածը:

Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG