Աղջիկներից Անին էլ հենց առաջին օրը պատվոգրով է տուն եկել: Մայրիկի օրվա հպարտությունն է:
Էլմիրա Կարապետյանը երեխաներին միայնակ է մեծացնում, 39-ամյա ամուսինը՝ Արմենը, մեկուկես տարի առաջ է մահացել:
Յոթ երեխաներից վեցը դպրոցահասակ են, նրանց դպրոց ուղարկելը Էլմիրայի համար տարվա մարտահրավերն է․ - «Ահավոր դժվար է․ չգիտես սնունդը հասցնես, չգիտես․․․ պահի տակ նեղվում ես»:
Երկու օր առաջ ոչ ոք ոչինչ չուներ, Էլմիրան շտապեց խանութ, բայց՝ առանց փողի. - «Չէր էլ տալիս: Խնդրեցի, աղաչեցի էնքան, մինչև էդ կինը տվեց: Իրոք շնորհակալ եմ»:
Եթե ձմեռը բարեհաճ լինի, այս կոշիկներով էլ կհաղթահարեն։ Ընտանիքն ինչ ասես չի տեսել, այս տունը «Ֆուլեր» տնաշինականից են ստացել, մինչև այդ վագոնում էին ապրում, որը հետո այրվեց։
Նպաստով յոթ երեխաներին յոլա տանող մայրիկն ասում է՝ թող ծակ կոշիկով ու անշոր լինեն, բայց դպրոցից դուրս չմնան․ - «Սնունդը էական չի, շորն էական չի: Կարևորը պայքարելու եմ մինչև վերջ, որ իմ էրեխեքը մարդ դառնան»:
Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է հռչակված: Այս տարի Կրթության նախարարության կանխատեսմամբ, դպրոց կմտնի շուրջ 42 հազար առաջին դասարանցի: Թիվը, հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի տեղեկացմամբ, ավելին է, քան նախորդ տարի: Բայց վերջնական ամփոփման համար դեռ օրեր են պետք․ - «Սեպտեմբերի 5-ի դրությամբ, երբ որ կունենանք դասարանների կոմպլեկտավորումը, ավելի հստակ կհայտարարենք թվի վերաբերյալ»:
Իսկ կրթությունից դուրս մնացած, այսինքն երբևէ դպրոց չմտած երեխաների թիվ չկա: Մի քանի տարի է, ինչ գերատեսչություններում պտտվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը: Բայց այն դեռևս չի հաստատվել: Դրանով նախատեսվում է, որ երեխան ծնվեց, հաշվառվեց, ու 6 տարի անց էլեկտրոնային համակարգը փնտրում է նրան, ճշտում, թե ինչու դպրոց չի մտել:
Այսօր հայտնի է միայն կրթությունն ընդհատած, այսինքն գոնե մեկ անգամ դպրոց մտած, ապա կրթությունը թողած երեխաների թիվը․ 17-18 ուսումնակաան տարվա տվյալով, մոտ 800 երեխա է հեռացել դպրոցից: Պատճառների շարքում սոցիալական վատ պայմաններն են:
«Անկախ պատճառից, երեխան պետք է հաճախի դպրոց: Եվ այստեղ շատ կարևոր է իմանալ և գնահատել այդ պատճառները, և համապատասխան լուծումներ տալ: Բնականաբար, սա միայն Կրթության նախարարության անելիքը չէ», - ասում է Արշակյանը:
Առայժմ դպրոց չմտած երեխաներին չեն փնտրում ու նրանց կարիքներով չեն զբաղվում, մինչև կարգը կհաստատվի ու նրանց գտնելը կհեշտանա: Երեխային դպրոց ուղարկելու ջանքը ընտանիքինն է։
Էլմիրան շատ է ուզում, որ երեխաները նաև մաքուր դպրոց մտնեն, երազում է ջրի տաքացուցիչ ունենալ:
Այսօր ընտանիքում բոլորը գոհ են․ մայրը, որ հաջողացրեց դպրոց ուղարկել բոլորին, և երեխաները, որ ամենասիրուն հագուկապով են: Խանութի պարտքացուցակի մասին կհիշեն նպաստ ստանալու օրը։