Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան․ Հայաստանի իշխանությունը կատարում է իր խոստումը


«Արցախում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երաշխավոր էր կանգնել ընտրությունների ազատ և արդար լինելուն Արցախում: Եվ իշխանությունը կատարում է իր խոստումը», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Եթե Վիտալի Բալասանյանը որևէ մեղադրանք է ուղղում, դա նշանակում է, որ մեղադրում է ժողովրդին, որովհետև Հայաստանում հեղափոխության, իշխանափոխության հեղինակը ժողովուրդն է», - այսպես է արձագանքում վարչապետի խոսնակը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են:

«ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական», - «Առավոտ» օրաթերթին ասել է Բալասանյանը:

«Բալասանյանի միտքը տրամաբանական է, որովհետև այդպես են մտածում միայն նրանք, ով որ կեղծիքի, ընտրախախտումների, նաև սպանությունների միջոցով ժամանակին զավթել են իշխանությունը: Եվ թերևս ոգեշնչված այդ գործողություններով, Բալասանյանը նման գնահատականներ է տալիս», - նշեց Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով․ - «Ինքը նույն մտածելակերպի, նույն արժեքների կրող մարդ է»:

Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Դեռ պաշտոնյա եղած ժամանակ Բալասայանը քննադատություն էր հնչեցնում Փաշինյանի հասցեին, իսկ Ղարաբաղի հարցով վարչապետի վարած բանակցությունը հեգնական անվանում էր «վերելակային»:

Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների մասնակցելու հնարավորությունը չբացառող Բալասանյանի վերջին հարցազրույցի քննադատության թիրախում են հայտնվել նաև ՏԻՄ ընտրություններին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները: Նա Հայաստանի վարչապետին կոչ էր արել րոպե առաջ հետ կանչել այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Վլադիմիր Կարապետյանը նշում է, որ որոշումը իրենք համաձայնեցրել են Արցախի իշխանությունների հետ․ - «Ես ուզում եմ հիշեցնել, որ Արցախում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երաշխավոր էր կանգնել ընտրությունների ազատ և արդար լինելուն Արցախում: Եվ այդ խոսքերը մեծ ոգևորությամբ էին ընդունվել հավաքված ժողովրդի կողմից: Եվ իշխանությունը կատարում է իր խոստումը»:

ՀՀ կառավարության որոշմամբ, պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ է տրամադրվել Իրազեկ քաղաքացիների միավորմանը և Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին: Վերջինի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Բալասանյանի հայտարարությունները շանտաժ է համարում:

Բալասանյանը հայտարարել էր, թե արցախյան հանրությունն ընդդիմանալու է այս կազմակերպությունների գործողություններին, և առաջիկա ընտրություններում արդեն դրա դրսևորումները կլինեն:

«Մենք առնվազն կհասկանանք, որ մենք այնտեղ խնդիրներ կարող է ունենանք, և այդ խնդիրների պատասխանատուն կարող է լինել պարոն Բալասանյանը, իր նման մտածող մարդիկ, ովքեր օգտագործելով իրենց հեղինակությունը՝ հնարավոր է ստեղծեն խոչընդոտներ դիտորդական առաքելության համար: Մենք դա դիտարկում ենք որպես շանտաժ: Մենք անհանգստանում ենք, բայց դա մեզ չի կանգնեցնելու», - ասաց ԹԻՀԿ-ի գործադիր տնօրենը:

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը Բալասանյանի հայտարարությունները քաղաքական է համարում․ - «Մի քիչ երևի կոռեկտ չի, որ դիտորդները գնահատական տան քաղաքական հայտարարություններին: Ես ուղղակի ասեմ, որ Ղարաբաղում մեր գործունեության արդյունքում մենք որևիցե սպառնալիք չենք տեսել, որևիցե խնդիր չենք տեսել: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք Արցախի ոստիկանության հետ: Եվ ըստ էության, ես չեմ կարծում, որ որևիցե վտանգ կա մեր առաքելությանը: Այդուհանդերձ, եթե ինչ-որ վտանգ լինի առաքելության հասցեին, մենք, բնականաբար, բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու ենք Իրազեկ քաղաքացիների միավորման դիտորդներին»:

Բալասանյանի հայտարարությունները քննադատության են արժանացել նաև Արցախում: Ստեփանակերտի Մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, օրինակ, ֆեյսբուքյան գրառմամբ Բալասանյանին հարցնում է, թե արդյոք նա լիազորված է խոսելու Արցախի ողջ բնակչության անունից: Ապա հիշեցնում է, որ 2012 թվականի Արցախի նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե «գործող նախագահը և նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ»:

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ասում է, որ 2012 թվականի և այսօրվա Վիտալի Բալասանյանը ամբողջությամբ տարբեր մարդիկ են, ինչի համար ինքը ափսոսում է․ - «Մի քանի հոգի կան Վիտալի Բալասանյանի կողքը, հիմնականում տարբեր պաշտոններ զբաղեցրած՝ այդ թվում Հայաստանում, որոնք ինչ-որ զրույցներ են անում կաբինետներում, ինչ-որ թույն են թափում, Բալասանյանն էլ դա տեղափոխում է հրապարակային տիրույթ: Խիստ ցավում եմ Բալասանյանի համար, որ մարդը կարող է իր կարծիքը այդքան արագ փոխել»:

Բալասանյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցարզույցում ակնարկել է նաև, որ Հայաստանից Արցախին տրվող վարկը ավելի քիչ է, քան այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք Արցախ են ներկրվում Հայաստանի միջոցով երրորդ երկրներից։

Արցախի ընդդիմադիր պատգամավորը նախ նկատում է, որ նախկին պաշտոնյան սխալվել է վարկի գումարի հարցում: 2019 թվականին վարկը կազմել է ոչ թե 150-160 մլրդ, այլ 57,8 մլրդ դրամ, որը մի քանի անգամ ավելի մեծ թիվ է, քան ամենաբարձր տոկոսներով հաշված մաքսատուրքը:

XS
SM
MD
LG