Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անհամաձայնության վերացման լավագույն միջոցը Արցախում սպասվող ընտրություններն են


«Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև որոշակի հարցերում կա անհամաձայնություն, և այն վերացնելու լավագույն միջոցը գալիք տարի Արցախում սպավող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են», - Փարիզում լույս տեսնող Nouvelle d'Arménie պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը հարցին, թե Արցախի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում, որո՞նք են տարաձայնության կետերը, Հայաստանի վարչապետը պատասխանում է․ - «Կարծում եմ, կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ ասել իրերը․Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետևանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, և, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ և ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»։

Nouvelle d'Arménie-ի թղթակիցը հետաքրքրվում է․ - «Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ստատուս քվոն կգերակշռի ձեր հարաբերություններում մինչև ընտրություններ»:

Փաշինյանն արձագանքում է․ - «Մեր հարաբերությունները փոխվում են ամեն օր։ Դրանք լավ են զարգանում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք սկզբունքային հարցեր և գտնում ենք դրանց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով ու տեմպով լինեն, ինչ Հայաստանում։ Ի վերջո, մենք միասնականության մասին ենք խոսում, այնպես չէ՞։ Այդ միասնականությունը պետք է մարմնավորվի նախևառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի և Արցախի միջև քաղաքական բովանդակության մեջ․․․ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի և Արցախի հասարակություններն ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը։ Եվ այդ ներդաշնակությունը պետք է խորանա ամեն օր, ամեն կատարված քայլի հետ։ Այս գործընթացում, բնական է, կա մոտեցումների տարբերություն։ Բայց ի՞նչ ենք ուզում անել։ Արդյո՞ք ուզում ենք վարվել, ինչպես առաջ։ Թաքցնե՞լ խնդիրները։ Խուսափե՞լ դրանցից խոսել։ Բարձրագոչ կենացներ խմե՞լ և ձևացնել, թե ոչինչ չկա՞։ Մենք կշարունակենք կենացներ ասել միայն սեղանի շուրջ։ Մնացյալ դեպքերում, մենք խոսում ենք ուղիղ, ամենայն անկեղծությամբ, և գործում ենք»:

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորումից՝ Հայաստանի ղեկավարը ընդգծել է․ - «Մենք պետք է մեծագույն լրջությամբ ապահովենք մեր տնտեսական առաջընթացը։ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով առանձին վերցրած։ Անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում են ուժեղ և մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունը և առաջատար տեխնոլոգիաներով երկիրը։ Ես արդեն բազմիցս ասել եմ՝ մեր ծրագիրը նրանում է, որ կարողանանք հասկացնել մեր բոլոր հնարավոր հակառակորդներին, որ մենք՝ որպես ժողովուրդ այնքան միասնական ենք, որպես հասարակություն՝ այնքան համախմբված, որպես պետություն՝ այնքան հզոր, որ իմաստազուրկ է մեզ հետ պատերազմելը, որովհետև միակ ելքը կլինի իրենց պարտությունը»:

Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ է հասկանում, որ անվտանգության հարցը կապվում է տնտեսական զարգացման հետ, Փաշինյանը հստակեցնում է․ - «Այո, անկասկած։ Ավելին, մենք չենք կարող այն կապել որևէ այլ ոլորտի հետ այսպես անմիջականորեն։ Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում մեր տնտեսությունը։ Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն․ ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարևոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է դեռ աճեն, քանի որ մեր երկրում շատ են անմշակ հողատարածքները։ Անհրաժեշտ է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի քանակը, բայց նվազեցնել նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Գյուղատնտեսության ոլորտն արտադրանքի և արտահանման քանակով պետք է աճի 10 անգամ, բայց միևնույն ժամանակ պետք է ՀՆԱ-ում իր կշիռը 14 տոկոսից հասցնի 1-ի՝ հնարավոր բոլոր հետևանքներով։ Նույնն է նաև հանքարդյունաբերության դեպքում»:

Հայաստանի ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին: Հարցին, թե արդյոք հաջողվել է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ թավշյա հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը արձագանքում է․ - «Հարցի ձևակերպան այդ ձևը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, և մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եվ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան - Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․ մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարևոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան և բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ»:

XS
SM
MD
LG