Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեպ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է ցանկանում անել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, իր խոսքում նշել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական»։

«Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել: Իհարկե, այսօր մենք քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը։ Սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց կարծում ենք, որ արդեն նույնիսկ առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա կարող ենք շատ լուրջ և կոնկրետ աշխատանք իրականացնել», - նշել է վարչապետը։

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, նիստի օրակարգի շրջանակում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում և այդ ուղղություններով նախատեսվող քայլերին:

Մասնավորապես, Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում:

Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը և վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով Ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում Քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի մշակում և կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում: Իսկ 4-րդ ուղղության՝ հանրային կրթության և իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում և բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում և իրականացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG