Մոտ հարյուր աշխատանք է ներկայացրել գեղանկարիչը ցուցահանդեսում՝ մոտ տասը քանդակ և յուղաներկի ու գրաֆիկակական ուշագրավ աշխատանքներ:
Մինչև հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը «Ազատության» հետ հարցազրույցում գեղանկարիչը շեշտում էր, որ այսօր, ցավոք, արվեստագետները հարկ եղած ուշադրության չեն արժանանում․ - «Ասենք, եթե իմ կարգի մի հատ բեմի մարդ լիներ կամ երգիչ լիներ՝ կիսատ-պռատ, ժամանցային, կասեին՝ 75 է դարձել և այլն, և այլն:
Նախարարության կողմից էլ հատուկ արձագանք չի նկատել․ - «Նախարարությունում նոր մարդիկ են: Ես իրենց չեմ մեղադրում, մեր ընդհանուր վիճակն է այդպես: Անգամ այն վերաբերմունքը, որ նախարարությունը միացրեցին, դա նշանակում է, որ արվեստը մի տեսակ երկրորդական է դառնում: Մշակույթը, գիտությունը, որը մեր միակ փրկությունն է, մի տեսակ երկրորդական վերաբերմունքի բան դարձավ»:
Խոսելով հոբելյանական ցուցադրության մասին՝ Շահումյանն ասաց․ - «Ես իմ արվեստանոցի նկարներն են տարել: Ո՛չ պատկերասրահից, ո՛չ որևէ ֆոնդից չեմ վերցրել: Հիմա հիմնականում վերջին 40-50 տարվա աշխատանքները կան»:
Պատմելով իր ստեղծագործական կյանքի մասին՝ հոբելյարն ասաց․ - «Երևի ճակատագիրը ինձ լավ մարդկանց է հանդիպացրել: Քանդակով եմ սկսել, երկու տարի ակադեմիկոս Արա Սարգսյանի արվեստանոց եմ եղել և շատ բան եմ իրենից սովորել»:
Հինգ տարի առաջ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Հաղթանակ Շահումյանը կրկին հոբելյանական ցուցահանդեսով էր հանդես եկել և կրկին Նկարիչների միությունում, որտեղ, եթե հիշում եք թավշյա հղափոխությունից հետո 2018 թվականի դեկտեմբերին կայացած համագումարի ընթացքում երիտասարդ գեղանկարիչներից բաղկացած նոր ղեկավար կազմ ընտրվեց և 20 տարի անընդմեջ միությունը ղեկավարած Կարեն Աղամյանը թողեց պաշտոնավարումը:
Հաղթանակ Շահումյանը երիտասարդների հետ մեծ հույսեր է կապում միության աշխատանքներին նոր թափ հաղորդելու գործում, բայց նաև համոզված է, որ միության երիտասարդ ղեկավարները լուրջ դժվարությունների առաջ են կանգնած․ - «Աստված տա, որ կարողանան: Բայց դրա համար պետք է բավականին փորձ և ակտիվություն: Միությունն էլ ամբողջովին թալանված է, ամբողջ միությունը ոչնչացված է: Միությունը ինքը կարիք ունի օգնության: Այնպես են վերջին 20 տարիներին թալանել, որ ես չգիտեմ այս երիտասարդները կկարողանա՞ն որևիցե բան շտկել: Որովհետև պետությունն էլ տեր չի կանգնում: Այդ թալանը եղավ պետության աչքի առաջ, կարող էր թույլ չտալ այդ թալանը»:
Հարցին, թե արդյոք ստեղծագործական միությունները չեն սպառել իրենց, Շահումյանն արձագանքեց․ - «Բոլոր տեղերում էլ կան միություններ: Միությունը դա սովետական հնարածը չէ, դա Փարիզում, Ֆրանսիայում է առաջինը եղել: Իմպրեսիոնիստների ժամանակ եղավ սալոնները, բաները: Օրինակ, Ֆրանսիայում կա նկարիչների միություն, և եթե այդ նկարիչների միության անդամ չես, դու որևիցե ուշադրության կամ անգամ Նոթր Դամում կամ Մոնմարտրում գնաս նկարելու, տեղ չես ունենա: Պետք է այդ միության անդամ լինես, որ քեզ տեղ հատկացնեն: Պետք է ասեմ, որ մեր միությունը ժամանակին շատ մեծ դեր է կատարել: Պատերազմի ժամանակ, անգամ 37 թվին շատերը փրկվել են: Պատմել է Էդվարդ Իսաբեկյանը, որ երբ ինքը նոր ավարտած, շնորհքով, տաղանդավոր տղա, պետք է գնար բանակ և հնարավոր է չվերադառնար: Եվ այդ խումբը որ գնաց, Կերչում համարյա բոլորը զոհվեցին: Եվ ինքը պատմել է, թե ոնց իրեն Արա Միհրանիևը իր բրոնյան տվել է իրեն, որ մնա նկարչությամբ զբաղվի»:
Հաղթանակ Շահումյանի կարծիքով, պետությունն այսօր պետք է պահի իր մշակութային արժեքները․ - «Մեր պետությունը կարող էր նկարիչներից նաև եկամուտ ստանալ: Ժամանակին տեր կանգնեին: Պետության աջակցությունը․․․ պարտադիր չի գրպանից փող հանի տա: Անգամ բարոյական աջակցությունը, վերջապես ուշադրությունն է կարևոր»: