Մատչելիության հղումներ

Բնապահպաններն ահազանգում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի մասին


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնների համար ստեղծված Արծվանիկի պոչամբարը հարակից բնակավայրերի համար իսկական գլխացավանք է դարձել։ Տևական ժամանակ բնապահպանները ահազանգում են պոչամբարից ու պոչատարից շրջակա միջավայր թափվող հանքարդյունաբերական վտանգավոր թափոնների մասին, սակայն խնդիրն այդպես էլ չի կարգավորվում։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը 2 շաբաթ առաջ պոչամբարի հարակից համայնքներում է եղել։ Ասում է՝ պոչամբարի թափոնների հետևանքով ոչ միայն շրջակա միջավայրին է վնաս հասցվում, այլև գյուղացիների առողջությանն ու սոցիալական վիճակին, որն առանց այդ էլ ծանր է։

Համացանցում վերջերս տարածված տեսանյութում երևում է՝ Արծվանիկի պոչամբարի պարզվածքը լցվում է Նորաշենիկ գետ։ Պարզվում է՝ տեսանյութը 3 տարվա վաղեմություն ունի, սակայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այդ դեպքի առիթով նոր վարչական վարույթ է հարուցում։ Տեսչական մարմնից հայտնում են՝ իրականացնում են հոսքաջրերի նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով:

«Հայաստանում պետական քաղաքականությամբ այդ՝ ստանդարտ սահմանելու և վերահսկելու քաղաքականությունը չի իրականացվում», - ասում է բնապահպան Աննա Շահնազարյանը:

Բնապահպաններն ասում են՝ նույն խնդիրը կա նաև Հայաստանում գործող մյուս 15 պոչամբարներում։ Դրանք շահագործող հանքարդյունահանող ընկերությունները, չնայած տուգանքներին, շարունակում են անուշադրության մատնել պոչամբարների հետևանքով առաջացած վնասները, իսկ իշխանություններն էլ շարունակաբար աչք են փակում դրա վրա։

«Երբ անցյալ տարի Արթուր Գրիգորյանը նշանակվել էր Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար, իր լայնածավալ տեսչական աշխատանքների վերջին օրը, երբ եզրակացությունը պիտի գրվեր և դա ամենապատասխանատու բանն է և այդ օրը իրեն աշխատանքից հանում են, այստեղ լուրջ հարցեր են առաջանում՝ արդյոք դա փորձ էր կոծկելու այս նույն իրավիճակը, որ հիմա տեսանյութում տեսնում ենք», - մեկնաբանում է Շահնազարյանը:

Բնապահպանը կարծում է, որ նույն Արծվանիկի պոչամբարի խնդրի առիթով քրեական գործ պետք է հարուցվի։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից «Ազատությանը» փոխանցեցին՝ մեր հարցերին միայն գրավոր կպատասխանեն:

Ըստ Փաստերի ստուգման հարթակի՝ կոմբինատի սեփականատերերից մեկը Սյունիքի նախկին մարզպետ, հանրապետական Վահե Հակոբյանն է։

Արծվանիկի պոչամբարը Հայաստանի ամենամեծ պոչամբարն է։ Պոչամբարի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG