Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներում հանցավոր ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեորեն կպատժվի


Քրեակատարողական համակարգում արմատացած կոռուպցիան, հանցավոր ենթամշակույթի հաղթահարումը եւ դատապարտյալների անմխիթար պայմանների բարելավվումը կառավարությունը նախատեսում է իրականություն դարձնել առաջիկա չորս տարում:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու այն իրականացնելու միջոցառումների ծրագրի նախագծի հանրային քննարկման փուլն արդեն ավարտվել է:

Այս թեմայով այսօր Մեդիա Կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ նպատակադրվել են չորս տարվա ժամկետում ունենալ միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական համակարգ․ - «Ունենալ քրեական ենթամշակույթից զերծ համակարգ, և ունենալ չկոռումպացված համակարգ»:

Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և նորերի կառուցում: Այսպիսով նաև հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր դատապարտյալների համար: Եվ պատժի կրման հավասար պայմանների դեպքում, ըստ փոխնախարարի, արտոնյալներ չեն լինի, և հանցավոր ենթամշակույթն էլ կվերանա:

Այս ոլորտում նախատեսվում է օրենսդրական դաշտի կատարելագործում: Օրինակ, ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի խմբավորումներ ստեղծելն ու դրան մասնակից լինելը քրեորեն պատժելի կդառնա․ - «Կառավարություն է ուղարկվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը և ղեկավարելը, ինչպես նաև դրան մասնակցելը, նաև ենթամշակույթ կրող խմբավորման ներկայացուցչին դիմելը, այս արարքները քրեականացնող օրենքի նախագիծը: Եվ կարծում եմ, մոտ ապագայում մենք Քրեական օրենսգրքում կունենանք իմ կողմից նշված արարքները քրեականացնող նորմեր»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը, որը մշտապես բարձրաձայնել է ՔԿՀ-ներում տիրող արատավոր երեւույթների մասին, իրատեսական է համարում այս ռազմավարությունը: Նրա խոսքով, ժամկետները ողջամիտ են, խնդիրները՝ հստակ նախանշված: Եվ ամենակարևորը, ըստ նրա, նախարարությունը խոստովանում է, որ համակարգում կոռուպցիա կա, որը հերքում էր նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

«Որ ընդունվեց փաստը, դա ուղղակի հրաշալի է», - ասաց Կարապետյանցը: - «Հրաշալի է այն առումով, որ առնվազն ցանկություն կա խնդիրը լուծելու: Խնդիրը լուծելու համար, այո, նախ և առաջ անհրաժեշտ է ռազմավարություն՝ ճիշտ, գրագետ, իրատեսական ռազմավարություն և կոնկրետ ժամկետներ, որում հնարավոր է դա անել: Ամենադժվար մասը չեմ պատկերացնում, թե ոնց են անելու՝ քրեական մշակույթի դեմ պայքարը: Որովհետև ի վերջո որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ի սկզբանե քրեական մշակույթը ստեղծվել է Էն-Կա-Վե-Դե-ի կողմից՝ ավելի կառավարելի սարքելու համար: Եվ այդ ավանդույթը շարունակվում է: Քրեական էլեմենտները ուղիղ կապված են քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի հետ: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»:

Քրեակատարողական համակարգի գլխավոր խնդիրը կոռուպցիան է, ըստ իրավապաշտպանի, իսկ սա արմատախիլ անելու համար քաղաքական կամք է հարկավոր:

Նինա Կարապետյանցը կարծում է, դրա դեմ պայքարը անհնար էր նախկին իշխանությունների օրոք, քանի որ իշխանությունն ու քրեական աշխարհը սերտաճած էին: Հեղափոխական իշխանությունն այդ հարցում կաշկանդված չէ․ - «Նախորդ հանցավոր ռեժիմի ժամանակ կային բազմաթիվ պաշտոնյաներ, դիրքեր, կառույցներ, որոնք այնքան սերտաճած էին կրիմինալի հետ, որ այդ կապը ինչ-որ մի ձևի պետք է կտրվի: Ու դա նաև անհատների հետ է կապված: Այո, ինստիտուցիոնալ զարգացումը, ինստիտուցիոնալ առաջընթացը շատ կարևոր է, բայց որպեսզի ինստիտուցիոնալ զարգանա ինչ-որ համակարգ, դրա համար անհրաժեշտ են գիտակից, խելացի և ոչ աղտոտված մարդիկ»:

Ծրագրի հանրային քննարկման փուլն ավարտվել է, այլ պահին լրամշակման փուլում է: Փոխնախարարի փոխանցմամբ, ծրագրով նախատեսված օրենսդրական փոփոխություններից որոշները շուտով սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:

Իրավապաշտպան Կարապետյանցը հիշեցրեց, որ այսպիսի մի ռազմավարություն մշակվել էր նախկին իշխանության օրոք, սակայն ժամկետները ողջամիտ չէին եւ անիրագործելի էր պայմանավորված ՀՀԿ-ի վարած քաղաքականությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG