«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան մրցույթ է հայտարարել՝ գտնելու համար այն ընկերությանը, որը կուսումնասիրի, թե ինչպես պետք է ապահովել Լուսնի վրա տիեզերագնացների գտնվելու և աշխատելու անվտանգությունը: Պայմանագրի արժեքը 373 միլիոն ռուբլի է:
Մրցույթին մասնակցելու հայտերը «Ռոսկոսմոսը» ընդունելու է մինչև սեպտեմբերի 18-ը:
Դեռ անցած հունվարին «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը РБК-ին տված հարցազրույցում ասել էր, թե 2021թ․ նախատեսվում է Լուսնի վրա տիեզերական ապարատ իջեցնել, իսկ 2030թ․ նախատեսվում է մարդ իջեցնել Լուսնի վրա:
Ըստ ամենայնի՝ առաջիկա տասնամյակը կարող է նշանավորվել լուսնային մրցավազքով:
Միացյալ Նահանգները պլանավորում է մարդ ուղարկել Լուսին 2024թ․: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նույնիսկ ասել էր, որ Ամերիկան ցանկանում է Լուսնի վրա ավիաբազա ստեղծել, ինչը հնարավորություն կտա թռչել Մարս: Ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ NASA֊ն, ակնկալում է լուսնային ծրագրերի համար բյուջեից մոտավորապես 20 միլիարդ դոլար ստանալ:
Ճապոնացիները պատրաստվում են 2021 և 2023 թվականներին լուսնային առաքելություններ իրականացնել, թռչող ապարատներ դուրս բերել Լուսնի ուղեծիր:
Առաջին անգամ մարդը Լուսին է հասել 1969թ․, իսկ մինչև 1972թ․ իրականացված լուսնային առաքելություններում ամերիկացի 12 տիեզերագնաց ոտք են դրել Լուսնի վրա: