Մատչելիության հղումներ

«Էրեխեքիս ո՞նց տուն բերեմ, ոչ քնելու տեղ ունեն, ոչ լողանալու». գիշերօթիկների փակման լուրը՝ տագնապի առիթ


Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություններ Դիլիջանում, Բյուրեղավանում և երկուսը Գյումրիում։

Այս որոշման նախագիծը դեռ կառավարությունում չի հաստատվել, սակայն գիշերօթիկները ստացել են ծանուցումներ ու հորդոր՝ նոր ուսումնական տարուց երեխաների չընդունել:

Լուծարման գործընթացում ներգրավված ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով, չորս գիշերօթիկներում խնամվում է 260 երեխա, նրանցից միայն 20-ն են, որ վերադառնալու տեղ, այսինքն ընտանիք չունեն․ - «Խնամքի կենտրոնի երեխաների 99 տոկոսը վերադառնում է իր սեփական ընտանիք՝ պետական աջակցությունը այլ ճանապարհով մատուցելու միջոցով: Դրա համար ինքը ունի նվազագույնը չորս ամիս՝ մեկ առ մեկ ամեն առանձին դեպքի հետ աշխատելու: Այսինքը, պետությունը մինչև հիմա էս ձեռքով էր օգնում, հիմա էս մի ձեռքը փոխարինում է մի քանի ձեռքով՝ այդ նույն ընտանիքին օգնելու: Վատ բան կա՞ սրա մեջ»:

Երեխան պետք է մեծանա ընտանիքում․ հաստատությունների լուծարման որոշման հիմքում այս անվիճելի ճշմարտությունն է: Գիշերօթիկներին ուղղվող գումարով առաջարկում են ընտանիքներին աջակցել, իսկ եթե նույնիսկ այդ դեպքում անհնար է, որ երեխան հարազատ ծնողների հետ ապրի, նրան ուղղել խնամատար ընտանիք:

«Կարիքների բազմազանությունից պիտի լինեն առաջարկների բազմազանություն: Անկախ նրանից, թե տանը ուղղակի աղքատ է, թե տանը մայրը մարմնավաճառությամբ է զբաղվում և հրամցնում է սեփական երեխային սեփական զուգընկերոջը․․․ էս սաղ երեխաներին պետք չի տանել խնամքի հաստատություն մտցնել: Խոսքը սրա մասին է: Սրանցից յուրաքանչյուրը տարբեր մոտեցման կարիք ունի», - ասւոմ է Միրա Անտոնյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթանյանն ասում է, որ գիշերօթիկի սաների ընտանիքներն արդեն ուսումնասիրվել, գնահատվել են, շուտով կսկեն օգնել․ - «Սեպտեմբերի 1-ով երեխաների աջակցության փաթեթը մշակված է արդեն: Մենք յուրաքանչյուր երեխայի մասով գիտենք ինչ աջակցություն է անհրաժեշտ»:

Մի քանի օրից գիշերօթիկների տարեշրջանը բացվում է, և նախարարության այս նորությունը տագնապի է մատնել թե՛ խնամքի հաստատությունների կոլեկտիվներին ու թե՛ ծնողներին:

Գյումրեցի Նվարդ Եսայանը հինգ երեխաների միայնակ մայր է, երկուսը շաբաթվա հինգ օրը խնամվում են Գյումրու թիվ 1 գիշերօթիկում: Նա պնդում է, որ որևէ սոցիալական ծառայող իրեն չի այցելել, իր խնդիրները չի ֆիքսել․ - «Ոչ մի բան չի արել պետությունը ինձ: Իսկ երբ որ երեխաները գնում են գիշերօթիկ, գոնե ես ապահով եմ, որ քնելու, մնալու տեղ ունեն»:

Եսայանն ասում է, թե ինքը վատ մայր չի, պարզապես երեխաներին խնամելու պայմաններ չունի: Քանի դեռ այս վիճակում է, չի պատկերացնում թե գիշերօթիկում սնվող ու խնամք ստացող երեխաներին ինչպես է պահելու:

Գյումրու գիշերօթիկում պատմում են, թե շաբաթ-կիրակին տանն անցկացնող երեխաները ինչ վիճակում են գիշերօթիկ վերադառնում՝ չլողացած, վառարանից այրվածքներով, թերսնված:

«Էդ երեխան մեզանից միլիոն տարի առաջվա կենցաղով է ապրում: 21-րդ դարում այդպիսի ընտանիքնե՞ր, գոմին կից կառույցներում ապրող ընտանիքնե՞ր», - տարակուսում է Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկի սոցիալական աշխատող Ալինա Ադամյանը:

Ադամյանը վստահ է, որ իրենց մոտ խնամվող 63 երեխաներից քչերը կարող են տուն վերադառնալ, մնացածը եթե գիշերօթիկը փակվի, կմնան փողոցում՝ փայտ, շիշ հավաքելիս կամ մուրացկանություն անելիս:

«Թող միանան մեզ, ցանկացած 63 ընտանիքից իրենք ընտրեն ընտանիք, մենք այցելենք իրենց ընտանիքները: Եթե կա մի ընտանիք, որը կկարողանա սեփական ուժերով և ՀԿ-ների աջակցությամբ պահել երեխաներին, թող փակեն, լուծարեն», - առաջարկեց Ադամյանը:

Փակմանը դեմ չենք, բայց սեպտեմբերից օրեր առաջ այս հապճեպությունն ո՞ւր կտանի երեխաներին․ հարցնում են գիշերօթիկում: Նախարարության ներկայացուցիչն ասում է, թե հիմա կսկեն ընտանիքներին աջակցության գործընթացը, մինչև այդ գիշերօթիկները բաց կլինեն, քանի դեռ նախագիծը որոշում չի դարձել։

Ի դեպ, մարզեր են հասել երևակայական տեղեկություններ, թե գիշերօթիկներից երեխաներին խնամատար ընտանիքներ են տանում և ծնողներից շատերը վախերի մեջ են ընկել:

«Ես իմ երեխաներիս չեմ տա խնամատար ընտանիքի, որովհետև որ մեկը չի կարող խնամել իմ երեխայիս, ինչպես որ կխնամեմ ես», - հուզված ասում է Նվարդ Եսայանը:

Միրա Անտոնյանը ևս մեկ անգամ պարզաբանում է՝ խնամատար, այսինքն գումարի դիմաց երեխային խնամող ընտանիքում կարող է տեղավորվել այն երեխան, որի կենսաբանական ընտանիքը չի ուզում պահել նրան, կամ այդ ընտանիքը չկա, կամ այդտեղ աներևակայելի բարքեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG