ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Լ. Գ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների՝ առաջնձնապես խոշոր չափի յուրացումների և վատնումների կատարման համար։
ՀՔԾ-ն հաղորդում է, որ երջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների պաշտոնները, նախնական համաձայնությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` 15 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:
ՀՔԾ պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ ըստ առաջադրված մեղադրանքների, ՀՀ ՔԿ ավագ քննիչ Լ. Գ.-ն` 2015 թվականին վարույթ ընդունած քրեական գործի շրջանակներում, իր ղեկավարած քննչական խմբի քննիչ Վ. Ա.-ի հետ խուզարկություն են կատարել նշված գործով խարդախության մեջ մեղադրվող անձի բնակարանում և առգրավել վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող 7 միլիոն 115 հազար 700 դրամին համարժեք 15 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը, այլ նախնական համաձայնությամբ` ոսկյա զարդերը յուրացնելու դիտավորությամբ, հափշտակել են դրանք, որոնց մի մասը Լ.Գ.-ն գրավադրել է վարկային կազմակերպությունում:
Այնուհետև քննիչ Վ. Ա.-ն իր և քննչական խմբի ղեկավարի կողմից կատարվող ծանր հանցագործությունը թաքցնելու նպատակով մերժել է մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված` ոսկյա զարդերը դրանց սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ հայտնաբերված թանկարժեք իրերը կարող են ծառայել դատական ծախսերն ապահովելու միջոցներ և այդ կերպ փաստելով, թե իբր զարդերն ամբողջությամբ առկա են ու պահվում են քննչական բաժնում: Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին:
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Լ. Գ.-ն կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: