Մատչելիության հղումներ

Օֆշորային «Լիդիանի» փոխարեն արբիտրաժ կարող են դիմել բրիտանական և կանադական ընկերությունները․ ՄԻԵԴ֊ում ՀՀ ներկայացուցիչ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է «Լիդիան» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությանը: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված․

Կիրակոսյան․ - Պրոցեսը որ ավելի նկարագրեմ՝ ինչի մասին էր այս ծանուցումը վեճի՝ սա հիմնված է հենց այդ երկու ներդրումային պայմանագրերի վրա, որտեղ, մինչև արբիտրաժային պրոցես սկսելը նախատեսված է բանակցության փուլ, որը անպայման պետք է անցկացվի, իրականացվի, որից հետո նոր հնարավոր կլինի գնալ արբիտրաժ:

«Ազատություն»․ - Բանակցություն ո՞ւմ միջև:

Կիրակոսյան․ - Կառավարության և ներդրողի՝ այս դեպքում «Լիդիանի» միջև: Սա ֆորմալ կողմն է, որը իրենք ի սկզբանե ներկայացրել էին և գաղտնիք չէ, որ բրիտանական ներդրումների պաշտպանության պայմանագրով նախատեսված այդ բանակցությունների ժամկետը երեք ամիս էր:

«Ազատություն»․ - Դա լրացե՞լ է արդեն:

Կիրակոսյան․ - Դա լրացել է, իսկ կանադական ներդրումների պաշտպանության պայմանագրով նախատեսված ժամկետը բանակցելու համար՝ մինչև արբիտրաժ գնալը, վեց ամիս էր, որը կարծես պետք է լրանա սեպտեմբերի սկզբին:

«Ազատություն»․ - Այսինքն սեպտեմբերի սկզբին կարող է «Լիդիանը» դիմե՞լ:

Կիրակոսյան․ - Այսօր էլ կարող է դիմել՝ առնվազն բրիտանական ներդրումների պաշտպանության պայմանագրի շրջանակներում, ամեն դեպքում, այդ իրավունքը կա: Իհարկե, այն փաստը, որ տարբեր հարթակներում, սոցիալական ցանցում մարդիկ նշում են, որ օֆշորային գոտում գրանցված ընկերություն է՝ այս դեպքում նկատի ունենք, եթե չեմ սխալվում, Ջերսի կղզում գրանցված ընկերությունը՝ «Լիդիանը», բայց իմ նշած երկու ծանուցումները վեճի մասին մենք ստացել ենք ոչ թե Ջերսի կղզում գրանցված «Լիդիան» ընկերությունից, այլ ստացել ենք հենց Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված «Լիդիան» ընկերությունից, որոնք հանդիսանում են այդ «Լիդիան» խմբի բաղկացուցիչ մաս իրավաբանական անձերը:

«Ազատություն»․ - Այսինքն՝ օֆշորում գրանցված կազմակերպությունը պատկանում է Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված այդ կազմակերպությունների՞ն:

Կիրակոսյան․ - Ի սկզբանե եղել են օֆշորում գրանցված կազմակերպությունները, այնուհետև 2018թ․ օգոստոսին հիմնադրվել են Մեծ Բրիտանիայում և Կանադայում արդեն նոր ընկերություններ, կրկին «Լիդիանի» կողմից, որոնք հանդիսանում են այդ խմբի մի մասը, որից հետո նոր՝ արդեն 2019թ․ մարտ ամսին, այդ երկու ընկերությունների կողմից կառավարությանը ներկայացվել է վեճի մասին ծանուցումը:

«Ազատություն»․ - Եթե 2018թ․ ստեղծված այդ կազմակերպությունները չմտնեին այդ խմբի մեջ, չէի՞ն կարող դիմել արբիտրաժ, եթե մնային զուտ որպես օֆշորային կազմակերպություն:

Կիրակոսյան․ - Դե, իհարկե, այստեղ մենք գործ ունենք զուտ մասնագիտական, միջազգային իրավական խնդրի հետ: Սա նաև քննարկվել է մի քանի անգամ հրապարակավ, որ օֆշորային գոտում գտնվող ընկերությունների վրա նման ներդրումների պաշտպանության պայմանագիրը տարածելու համար պետք է առանձին, լրացուցիչ նոտաների փոխանակում, որը, կարծես թե, չի եղել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև և այդ փաստարկը օգտագործելով կարող ենք ասել՝ դա դուրս է մնում պաշտպանությունից, բայց ճիշտն ասած՝ այդքան դյուրին չէ ամեն ինչ, ինչքան թվում է: Նման որոշումը կայացվել է, բնականաբար, «Լիդիանի» բաժնետերերի մասնակցությամբ, իսկ «Լիդիանի» բաժնետերերը հիմնականում ֆինանսական կազմակերպություններ են, որոնց թվում է նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը, օրինակ: Ցանկանում եմ ընդգծել, որ նման փաստարկը, բնականաբար, կյանքի իրավունք ունի, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսանոց այդպես կարող է լինել, այսինքն, ռիսկը, բնականաբար, միշտ էլ կա:

«Ազատություն»․ - Այսինքն հստակ կարո՞ղ ենք ֆիքսել, որ կազմակերպությունը կարող է հենց այս պահին էլ հանգիստ դիմել արբիտրաժ:

Կիրակոսյան․ - Ես նաև չեմ ցանկանում գնահատականներ տալ կազմակերպության իրավունքների առկայության, բացակայության մասին, որպեսզի չկատարեմ կազմակերպության իրավաբանի դերը կամ որովհետև ես նաև կաշկանդված եմ այս պահին կառավարության շահերը ներկայացնելով, որը կարող է ապագայում հնարավոր վեճի կամ պրոցեսի շրջանակներում ինձ կաշկանդի: Այնուամենայնիվ, նման հնարավորություն կա և մենք դա չենք բացառում: Եվ բնական է՝ ամեն դեպքում կառավարությունը պատրաստ է և իրականացրել է համակողմանի իրավական ուսումնասիրություն ֊ հետազոտություն թե՛ արբիտրաժային տրիբունալի իրավազորության, թե՛ ավելի խորքային ուսումնասիրելով, թե հնարավոր փաստարկները ինչպիսին պետք է լինեն և կառավարության հնարավոր հակափաստարկները ինչպիսին պետք է լինեն:

«Ազատություն»․ - Այսինքն պատրաստ է Հայաստանը, եթե հանկարծ «Լիդիանը» որոշի գնալ արբիտրաժ:

Կիրակոսյան․ - Միանշանակ: Եվ հենց վեճի մասին ծանուցում ստանալու պահից սկսած կառավարությունն իրականացրել է բոլոր անհրաժեշտ քայլերը, քանի որ սա իրականում լուրջ, բարդ խնդիր է և, բնականաբար, կառավարությունը պետք է պատրաստվի բավականին համակողմանիորեն:

«Ազատություն»․ - Քանի որ պատրաստվել եք արդեն, եթե այդպես սցենարը զարգանա, ունեք նաև փաստարկները, հակափաստարկները․․․ կա՞ն մոտավոր հաշվարկներ, թե ինչ գումարի շուրջ կարող է հայց ներկայացվել, որովհետև այժմ նաև այդ խնդիրն է շահարկվում, որ կարող է մի քանի հարյուր միլիոն դոլարի հայց ներկայացվել պետության դեմ և պետությունը դրա տակից կարող է դուրս չգալ և դրա համար պետք չէ այս ռիսկին դիմել:

Կիրակոսյան․ - Ամեն դեպքում այն ծանուցման մեջ, որը կառավարությունը ստացել է, հստակ հաշվարկներ հնարավոր հայցապահանջի չափի մասին, բնականաբար, ներկայացված չեն: Այնտեղ ներկայացված են այն գնահատականները, որը վերաբերում է արդեն կատարված ներդրումներին՝ մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ ընկերության կողմից: Բայց, բնականաբար, դրան ի հավելումն նաև այլ հավանական պահանջներ: Բնականաբար, երբ որ վաղը կունենանք նմանատիպ փաստաթուղթ ստացած ընկերությունից, կխոսենք կոնկրետ թվերի մասին:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում 500 միլիոնը գերազանցող գումարի մասին կարելի է ենթադրություններ անել:

Կիրակոսյան․ - Ենթադրել՝ այո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG