Երեկ ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի զբոսայգում:
Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:58-ին, մարվել՝ 00:45-ին:
Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ, ասված է ԱԻՆ հաղորդագրությունում: