Մատչելիության հղումներ

Ավարտվել է Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը


Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, արխիվ
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ Սանասարյանի մեղադրանքը մնացել է նույնը, որոշ փոփոխություններ եղել են մեղադրանքի ձևակերպումներում: Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբանը 20 օր ժամանակ է խնդրել: Սանասարյանը հեմոդիալիզի գնումների գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Սանասարյանը հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ ԱԱԾ-ն վատնելով պետական ռեսուրսը այդպես էլ օբյեկտիվ քննություն չանցկացրեց:

Ազգային անվտանգության ծառայությունը մինչդեռ հայտարարել էր, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 35-ամյա պաշտոնյան թավշյա հեղափոխության առանցքային մասնակիցներից էր, քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG