Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում օգոստոսի 20-ին ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը, որը գլխավորում է Ռուսաստանի իշխող կուսակցության անդամ, պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Սաբլինն ասել է, թե հանդիպմանը քննարկվել են «Սիրիայի իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ժողովրդին աջակցելու հարցերը»:
Դմիտրի Սաբլինը «Զինվորական եղբայրություն» վետերանների հասարակական կազմակերպության փոխնախագահն է, բազմաթիվ անգամներ եղել է Սիրիայում:
Սիրիայում 8 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում՝ վերջին շրջանում, Ասադի ուժերը Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ հաջողության են հասնում ընդդիմադիր ուժերի դեմ պայքարում: Ապրիլի վերջերից նրանք ռազմական գործողություններ են վարում երկրի հյուսիս-արևմուտքում: Ընդդիմադիրների հենակետը հանդիսացող Իդլիբ նահանգում վերջին օրերին Ասադի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խան Շեյխուն քաղաքը: