Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Գյումրիում պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ռիսկերը


Չի բացառվում, որ առաջիկա տարիներին Գյումրին իր պատմական միջուկով ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում. այսօր ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ներկայացուցիչները Գյումրիում էին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին երեկ արդեն շրջել էին Գյումրիի պատմական կենտրոնում ու այսօր Գյումրիի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին, թե իրենց այցը ինչ նպատակ ունի: Պարզվեց Գյումրի գործուղված մասնագետները եկել էին ուսումնասիրելու, թե երկրաշարժերի ժամանակ պատմամշակության ժառանգության համար ինչ ռիսկեր կան:

Ջիովաննի Բոկկարդիի այս հայտարարությունը անակնկալի բերեց Գյումրիի քաղաքապետին․ Սամվել Բալասայանը սպասում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Գյումրին հայկական ժառանգության ցանկում ընդգրկելու հարցով են եկել:

Ջիովաննի Բոկկարդին շտապեց փարատել քաղաքապետի մտահոգությունը՝ ընդգծելով, որ իրենց ուսումնասիրությունը ևս շատ կարևոր փաստաթուղթ կարող է լինել համաշխարհային ժառանգության ցանկ ընդգրկվելու համար:

«Երբ անվանակարգային փաթեթը ներկայացվի համաշխարհային ժառանգության կոմիտեին, դրան կից պետք է լինեն տեխնիկական փաստաթղթեր, որոնցում ներկայացվում է, թե ինչպես պետությունը ինչպես պետք է հոգ տանի պատմական ժառանգության նկատմամբ: Եվ մեր այցը հիմնականում կապված է հենց դրա հետ, թե ինչպես կարելի է հուշարձանը պահպանել երկրաշարժի վտանգներից, որը շատ կարևոր բաղադրիչ կլինի անվանակարգային փաթեթում», ֊ նշեց նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Ցանկում Հայաստանը ներկայացված է Հաղպատի և Սանահինի վանքերով, Էջմիածնի մայր տաճարով, Գեղարդի վանքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված են նաև դուդուկի երաժշտությունը, հայկական խաչքարի արվեստը, Սասունցի Դավիթ էպոսը և լավաշը:

Ջիովաննի Բոկկարդին ասաց՝ պատրաստ են աջակցել, որ Գյումրիի քաղաքապետարանը պատրաստի այն փաթեթը, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նախնական ցանկ ընդգրկվելու համար: Ամեն դեպքում իրենց ուսումնասիրությունը կարևոր է՝ գործընթացը սկսելու համար: Քաղաքապետը հետաքրքրվեց՝ ողջ գործընթացը որքան է տևում: ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ներկայացուցիչները պարզաբանեցին՝ դա երկար գործընթաց է։

«Ինձ այդպես էլ բացատրել են, որ չորս տարվա ընթացքում կարող է լինել լավագույն դեպքում»,֊ նշեց քաղաքապետը։

Ջիովաննի Բոկկարդին բացատրեց նաև, թե ինչ ընթացակարգ գոյություն ունի: Նախ Հայաստանը պետք է Գյումրին ներառի իր նախնական ցանկում, հետո հայտ ներկայացնի ՅՈւՆԵՍԿՕ-ին: Իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար կա 10 չափորոշիչ: Բոկկարդին նշեց՝ իրենք կարող են նաև աջակցել քաղաքապետարանին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ փաթեթը պատրաստելու համար: Գործընթացը կարող է մի քանի տարի տևել:

Իտալացի մասնագետները նշեցին, որ Գյումրին իրոք հարուստ է պատմամշակութային շենք շինություններով, բայց Ջիովաննի Բոկկարդին դժվարացավ հստակ պատասխանել հարցին՝ ի վերջո Գյումրին կընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում, թե ոչ:

«Շատ դժվար հարց է, և ես այս պահին կխուսափեմ կոնկրետ որևէ պատասխան տալուց, որովհետև դեռ մեկ օր եմ գտնվում Գյումրիում: Երբ անվանակարգային փաթեթը ներկայացվում է, որոշումը կայացնում է 21 անդամ ունեցող համաշխարհային ժառանգության միջկառավարական հանձնաժողովը: Իմ անձնական կարծիքն այն է, որ Գյումրին հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, կոլորիտով, առանձնահատկություններով», ֊ նշեց Բոկկարդին:

Մասնագետները հատկապես տպավորված էին 19-րդ դարում կառուցված Ձիթողցյանների տնով, որը հիմա Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանն է: Թանգարանի շենքը Կումայրի արգելոցի կազմում է, որտեղ հաշվվում է շուրջ 1200 շենք-շինություն: Դրանց մեծ մասը վերականգնման կարիք ունի: Ժամանակին Կումայրի արգելոցն ընդգրկվել էր Հուշարձանների պահպանության համաշխարհային կազմակերպության 100 վտանգված շինությունների ցանկում, սակայն, ըստ էության որևէ շինություն այդպես էլ չվերանորոգվեց:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը անցած տարի աշնանը Ֆրանսիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպման ժամանակ էր առաջարկել, որ Գյումրին ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ֊ի ցանկում:

Համաշխարհային ժառանգության ցանկում արդեն 250 քաղաք կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG