Բազմաֆունկցիոնալ համալիրը թռչնի թռիչքի բարձրությունից անմոռուկի տեսք կունենա։
Նախագծի նախաձեռնողը «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է, որը «Էլոյան Արքիթեքտս» ընկերության հետ միասին 2017 թվականից սկսել է նախաներդրումային փուլի և ճարտարապետական հայեցակարգի մշակման աշխատանքները։
«Կոնցեպցիայի մշակումը արդեն ավարտին է մոտենում, և սկսվում են արդեն նախագծային աշխատանքները», - ասաց «Լաուրա ինվեսթմընթ» ընկերության ներկայացուցիչ Մերի Մկրտչյանը:
Նրա խոսքով, ևս երկու տարի էլ նախագծային աշխատանքները կտևեն, իսկ շինարարությունը՝ մոտ 5 տարի: Ծրագրի նախաձեռնողները վստահեցնում են, որ այդ ընթացքում նաև նոր աշխատատեղեր կբացվեն:
Իսկ արդյոք ռիսկային չէ սեյսմավտանգ Երևանում 71 հարկանի երկնաքեր կառուցելը: «Անմոռուկ» անունը ստացած նախագծի նախաձեռնողներն ասում են, թե իրենք ամեն ինչ հաշվի են առել։
Նախագծի ինժեներական խորհրդատվությամբ «Բայնոնա» միջազգային ընկերությունն է զբաղվում։ Մերի Մկրտչյանն ասում է․ - «Բոլոր տեխնիկական պահանջները ներկայացված են և բոլոր լուծումները կան: Բացարձակ անհանգստանալու կարիք չկա»:
«Բայնոնա» ընկերության ներկայացուցիչ Ավետ Մուրադյանն իր հերթին վստահեցնում է․ - «Ինժեներական փորձն այն աստիճանի է հասել, որ նման խնդիրների լուծումները գտնված են: Ճապոնիան մեկ օրինակ է․ նույն սեյսմիկ գոտում է, բայց արդեն լուծումները գտնված են»:
«Ամոռուկ» բացմաֆունկցիոնալ շենքը նաև 200 հեկտար մակերեսով հանգստի գոտի կունենա: Նախնական հաշվարկով, նախագիծն ամբողջությամբ կյանքի կոչելու համար 250 միլիոն դոլար պետք կգա։ «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունից, սակայն, դեռ չեն մանրամասնում, թե ովքեր են ներդրողները: Հաստատում են միայն, որ ներդրումները հենց Հայաստանից են լինելու։
Երկնաքերը նախատեսվում է կառուցել Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում։