Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ․ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է


«Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է», - այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա այսպես արձագանքել է այն լուրերին, որ հայկական զինուժը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք:

«Ազատության» հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ չեն կարող շատ մանրամասներ հայտնել, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը չի իրականացնում դիրքերի բարելավում․ - «Մենք լուռ մեր գործ ենք անում, որը իրական՝ զինվորականների համար իրական առավելություն կտա մարտական գործողությունների համար, և դա չենք անում նրա համար, որ դա բարձրաձայնենք, հատկապես PR-ի համար»:

Տեղեկատվությունը, թե Տավուշի մարզի հյուսիսային հատվածում Հայաստանի զինված ուժերը սահմանային դիտակետեր են առաջ տեղաշարժել (շուրջ 140 հա), և գործողությունների արդյունքում այժմ հայկական զորքերի վերահսկողության տակ են գտնվում երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը, Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Դե մենք երկրորդական տարածքների համար, բնականաբար, չենք փորձում ուժերս լարենք: Եթե փորձում ենք ուժեր լարենք, նշանակում է դրանք տարածքներ են, որոնք կարևոր են մեզ համար: Չի կարող էս պահին լինել պաշտոնապես հայտարարված տարածքի տեղը, չափը, նշանակությունը և այլն»:

Տեղեկատվությունը վաղ առավոտից սոցցանցերում տարածում են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել էր․ - « Չինարին այլևս չի կարող գնդակոծվել»։

Մինչդեռ ՊՆ մամուլի խոսնակ արծրուն Հովհաննիսյանը զգուշացնում է անվտանգության տեսանկյունից խորհուրդ չի տալիս նման հայտարարություններ կատարել․ - «Տավուշի հատվածում կան տեղամասեր, որտեղ ճանապարհները հակառակորդի կրակի համար հասանելի են, և խորհուրդ չեմ տա, որ էդ ոգևորությունից ելնելով՝ մարդիկ պատկերացնեն, թե ամբողջ էդ հատվածներն այլևս անվտանգ են, և իրենց վտանգի ենթարկեն՝ գնալով այդ ուղղությամբ»:

«Ռազմինֆո» կայքը տեղադրել է արբանյակային լուսանկարներ, որոնցում պատկերացված են Չինարիի ուղղությամբ կատարված դիրքային փոփոխությունների փետրվար-մարտ ամիսների համեմատականները: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով իշխանական պատգամավորների գրառումներին, նկատում է, որ եթե պաշտպանության նախարարությունը չի ուզում այս թեմայով բարձրաձայնումներ անել, ապա իր գործընկերների գրառումները ինքը ընկալում է որպես հասարակության ուշադրությունը Ամուլսարի թեմայից շեղելու փորձ․ - «Բնականաբար, փաստը լավ է: Ուղղակի հիմա ինչքանով է ճիշտ դա թմբկահարելը: Դա երեկ չեն գրավել, չէ՞: Բայց երբ այսօր են սկսել դա թմբկահարել, այն ֆոնին, երբ Ամուլսարի վերաբացման դեմ ցույցեր են տեղի ունենում քաղաքում: Ստանդարտ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներն են գնում, ինչպես հանրապետականների ժամանակ: Ես պնդում եմ, որ փորձում են շեղել ուշադրությունը»:

Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը «Ազատությանն» ասաց, որ դիրքերի բարելավման հետ կապված որևէ տեղեկություն փոխանցել չի ցանկանում որպեսզի զինված ուժերի աշխատանքներին չխանգարի: Ինչ վերաբերում է սահմանային, ապա, նրա խոսքով, կրակոցներ չկան․ - «Վերջին անգամ եղել է գյուղի վրա անցած տարի սեպտեմբերի 11-12-ին»:

Ավելի ուշ արդեն Ազգային ժողովի նախագահը թարմացրեց իր ֆեյսբուքյան գրառումը առավել հստակ ձևակերպմամբ․ - «Հակառակորդի հետ շփման պայմաններում լիարժեք անվտանգ չի կարող լինել ոչ մի դիրք կամ բնակավայր, սակայն Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն իր կողմից նախահարձակ լինելը դարձնում է անիմաստ»:

XS
SM
MD
LG