Մատչելիության հղումներ

Մասնագետներին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ դպրոցական դասագրքում 2008-ի մարտյան դեպքերի մատուցման շուրջ


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան

Երկու շաբաթից մեկնարկում է նոր ուսումնական տարին, բայց 9-րդ դասարանի հայոց պատմության նոր դասագրքերը դեռևս պատրաստ չեն:

2019 թվականին նախարարի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, որը երեքշաբաթյա ժամկետում պետք է ներկայացներ առաջարկություններ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողներին փոխանցեց, որ ինքն անձամբ թույլ չի տվել դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության․ - «Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ․ որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում»:

Հանձնաժողովի անդամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախարարին՝ իրենք դեռ մարտ ամսին են նախարարին ներկայացրել եզրակացությունը 522 առաջարկությամբ․ - «Որի մեջ գրված է, որ 1991-2016 թվականների իրադարձությունները հանձնաժողովը առաջարկում է վերաշարադրել ամբողջությամբ: Դա ունեցել են իրենք մարտ-ապրիլ ամսին: Ես չգիտեմ ինչի են հասել օգոստոս: Հուլիս ամսին հանձնաժողովին առաջարկել են, որ դասագրքերի հեղինակները փոխել են ինչ-որ բաներ և այլն, կարդացեք և ներկայացրեք ձեր դիտարկումները: Նորից հանձնաժողովը պատասխան գրություն է ուղարկել, որ մեր հրամանով նման բան նախատեսված չէ, մենք մեր առաջարկներն արդեն ներկայացրել ենք, հանձնաժողովի աշխատանքները ըստ էության ավարտված են»:

«Զանգակ»-ի հրատարակած դասագրքի հեղինակներից պատմաբան Էդիկ Գևորգյանն ասում է, որ իրենք հաշվի են առել առաջարկություններն ու վերաշարադրված տարբերակը ներկայացրել նախարարություն: Ինչու գործընթացը առաջ չի գնում, ասել չի կարող:

Նրա խոսքով, ամեն ինչ իրենց սրտով են արել, նույնիսկ թավշյա հեղափոխության մասին ծավալում հատված են ներառել՝ պոզիտիվ շարադրանքով․ - «Մենք գրել ենք՝ ապրիլյան թավշյա հեղափոխություն: Իհարկե, թավշյան մենք չակերտներ մեջ ենք վերցրել»:

Գևորգյանը չի հերքում վիճելի, սակայն մնում է մարտյան դեպքերի նկարագրությունը․ - «Քանի որ Մարտի 1-ի արյունալի դեպքերը ամբողջովին չեն բացահայտվել, այդ պատճառով էլ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո նոր իշխանությունները սկսել են այդ գործի արդարացի և անաչառ քննությունը: Դրանիվ ավել, կներեք, մենք ի՞նչ կարող ենք գրել»:

«Զանգակ» հրատարակչությունը դասագրքերով ապահովում է Հայաստանի դպրոցների շուրջ 30 տոկոսը, իսկ մնացած 70 տոկոսը՝ «Մանմար»-ը:

Նկատենք, որ տարիներ շարունակ քննադատության են ենթարկվել հենց «Մանմար»-ի հրատարակած դասագրքի հեղինակ Էդիկ Մինասյանի ձևակերպումները: Հնչում էին գնահատականներ, թե Մարտի 1-ը աղավաղված է պատմության դասագրքում: Օրինակ, 1996-ի հետընտրական զարգացումների մասին դասագրքում ասվում է, որը հանրահավաքի դուրս էին եկել «մարդիկ», իսկ 2008-ի համար օգտագործվում է «ընդդիմության արմատական թևը» ձևակերպումը։ Կան նաև վիճելի փաստական տվյալներ․ դասագրքի հեղինակները նշում են երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին, այնինչ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրության մասին հրամանը վերաբերում էր միայն Երևան քաղաքին։

Հանձնաժողովի անդամ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ասում է նախարարութւյունը ի սկզբանե սխալ ճանապարհով է գնցել, երբ ոլորտը 70 տկոոսով մոնոպոլիզացրած հրատարակչության նկատմամբ քրեական հետապնդում սկսելու նախաձեռնությամբ հանդես չի եկել․ - «Հինգ տարի առաջ այդ դասագիրքը, եթե դու ամեն էջին 2-3 վրիպակ ես գտնում՝ սկսած տեխնիկականից, վերջացրած բովանդակայինով, եթե այն ժամանակվա որոշ հատվածներում, որոնք ներկայումս էլ են գործում, որոշ հատվածներում չափորոշչային համապատասխանություն չունի և այլն, և այլն, այդ դասագիրքը ո՞նց է մտել դպրոց: Ո՞վ է պարզելու: Ես չպիտի պարզեմ, դա պիտի պարզի նախարարությունը: Թող գնա պարզի»:

«Մանմար»-ի հրատարակած դասագրքի հեղինակ Էդիկ Մինասյանից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, միայն կարճ հեռախոսազրույցի ընթացքում նա հաստատեց, որ վերաշարադրված տարբերակը նախարարություն ներկայացրել են, այդ թվում՝ վերաշարադրվել է մարտյան իրադարձություններին վերաբերող հատվածը: Թե վերաշարադրված տարբերակի հետ կապված դժգոհությունները որոնք են, ինքը ևս տեղեկություն չունի:

Նախարարը պնդում է, որ մնացած 38 անուն դասագրքերը արդեն տպագրված են:

Արայիկ Հարությունյանի խոսքով, պատմության դասագրքի վիճելի թեմաները ուսումնական ծրագրով ընդգրկված են երկրորդ կիսամյակում, ինքը չի բացառում, որ տարեսկզբին աշակերտները կստանան նախկին դասագրքերը և նոր հրատարակությունը կբաժանվի միայն ընդհանուր հայտարարի գալուց հետո, երկրորդ կիսամյակում:

«Ազատության» հարցին, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվելու՝ հաշվի առնելով, որ Մարտի 1-ի գործով դատավարությունը դեռ շարունակվում է, նախարարն արձագանքեց․ - «Դա էլ է պրոբլեմ: Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրները, որոնք, օրինակ, վերջին 20-25 տարիների իրենց պատմության դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: Հնարավոր է այնպես լինի, որ մենք կիրառենք այդ փորձը»:

Թոքմաջյանը չի կիսում նախարարի այն դիտարկումը, թե խնդրահարույց կետեր ունեցող հատվածները դասավանդվելու են երկորդ կիսամյակում, և մինչ այդ հնարավոր կլինի վերաշարադրված դասագրքեր տպագրել: Նա խնդրահարույց է համարում ամբողջ դասագիրքը, որը սեպտեմբերից բաժանվելու է աշակերտներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG