Անտառամերձ համայնքների բնակիչներին վառելափայտով ապահովելու հարցը խնդրահարույց է դարձել։ Մի կողմից անտառը փրկելու պետական ծրագրերն են, մյուս կողմից՝ անտառին կից, որոշ դեպքերում, չգազաֆիկացված համայնքներում ձմռանը տաքանալու խնդիրը։ Նման համայնքներում անգամ ամռանն են վառելափայտ օգտագործում։
Օրերս Լոռու մարզ էին եկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանն ու անտառի պահպանությամբ զբաղվող մասնագետներ։ Հայտարարեցին՝ Հայաստանի անտառներում անցած տարիներին կատարված անխնա հատումներից հետո թափուկ վառելափայտի բավարար պաշար չկա՝ անտառամերձ բնակավայրերի բոլոր բնակիչներին կառավարության որոշմամբ հասանելիք անվճար չափաբաժինը՝ տարեկան մինչև 8 խորանարդ մետրը, հատկացնելու համար։ Ընդ որում, «Հայանտառ»-ի տնօրեն Արեգ Կարապետյանն ասաց՝ գնալով նվազում են այդ պաշարները հաջորդ տարիների համար։
«Ցավով պետք է նշեմ, որ մեր անտառային էկոհամակարգերը այսօր ունակ չեն, առկա չէ այնքան փայտանյութի պաշար, որ հերիքի բոլոր ցանկացողներին մաքսիմալ խորանարդ մետր ծավալով։ Սա է պատճառը, որ մենք փորձում ենք լուծել, որ մենք փորձում ենք մոտեցումներ գտնել՝ ինչպես վարվել, որ հնարավորինս արդար ձևով բաշխվի անվճար թափուկ վառելափայտ», - նշեց Կարապետյանը։
«Հայանտառ»-ի ղեկավարը միանշանակ շեշտեց, որ անտառից դուրս եկող փայտանյութն առավելապես հասնում է ոչ թե մերձակա համայնքների բնակիչներին, այլ օգտագործվում է վաճառքի նպատակով։ Ընդ որում, անգամ գնորդ կարող են լինել նույն այդ համայնքների բնակիչները։
«Մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որ մենք կարողանանք բացառել կամ նվազեցնել մարզից դուրս եկող վառելափայտը, որը միանշանակ ծառայում է բիզնեսին, այլ ոչ թե անտառամերձ համայնքների բնակչությանը», - ասաց Կարապետյանը։
Տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա էր նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը։ Հայտարարեց՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում է անտառահատման ցանկացած դեպք։ Արդեն մեկ ամիս մարզի անտառների մուտքերում տեղակայված են ութ կայուն պահակակետեր, որոնք շուրջօրյա հսկողություն են իրականացնում։
«Եթե մի պահակակետը ուշադիր չի լինում կամ մութ ժամանակ տեսանելիությունը լավ չի, իրա մոտից անցնում է, անպայման մյուս պահակակետերը դա արդյունավետ են անում», - ընդգծեց Հակոբյանը։
Անտառի պահպանության համար պատասխանատու մարմինը՝ «Հայանտառ»-ը, համայնքների ղեկավարների առաջ պայման է դրել՝ այսուհետև անտառամերձ բնակավայրերի բնակիչները թափուկ վառելափայտ կստանան միայն համայնքների ղեկավարների կազմած և նախապես հաստատված ցուցակների հիման վրա։
«Այսինքն սա ի՞նչ է նշանակում, որ ոչ թե ով արագ կարողանում է ճարպկորեն մեքենա վարձել, գալ անտառից տանել առողջը, լավը, որակյալը, ութ խորանարդ մետրը, իսկ այն ընտանիքները, որ չունեն նման հնարավորություններ զրկվե՞ն այս հնարավորությունից։ Մենք փորձում ենք բացառել նման մոտեցում, փորձում ենք առաջնորդվել արդարության սկզբունքով», - նշեց Արեգ Կարապետյանը։
Համայնքների ղեկավարները դժգոհեցին՝ անվճար վառելափայտը հասնում է միայն անտառամերձ բնակավայրերի բնակիչներին։ Իսկ ինչ անեն ոչ անտառամերձ, ասենք, Սպիտակ քաղաքի մերձակա, հատկապես, չգազաֆիկացված գյուղերը, որոնք հեռու են անտառից, բայց վառելափայտի կարիք ունեն։ Համայնքապետերը հորդորեցին՝ կառավարություն հասցնել քարածուխ ներկրելու իրենց առաջարկը։ Դա, ըստ նրանց, կմեղմացնի վառելափայտի մեծ պահանջարկը։ «Հայանտառ»-ի տնօրեն Արեգ Կարապետյանն արձագանքեց՝ «Հայանտառ»-ը նաև վճարովի փայտանյութ է առաջարկում՝ մեկ խորանարդ մետրը 13-ից մինչև 21 հազար դրամ։
«Առաջին հետթին հակված ենք, որպեսզի վաճառք արվի տեղական համայնքներին, այլ ոչ թե վերավաճառք լինի և տանեն այլ մարզերում վաճառեն։ Կխնդրեմ նաև ձեզ այս հարցում զգոն լինել և համապատասխան քայլերով կանխել սա», - ասաց «Հայանտառ»-ի տնօրենը։
Անտառի պահպանության պատասխանատուները Լոռու մարզում ասացին՝ կառավարությունն այլընտրանքային վառելիքի ձևեր է փնտրում։ «Հայանտառ»-ի տնօրենը համայնքապետերին հորդորեց հանդես գալ առաջարկություններով՝ Հայաստանը բնապահպանական աղետից փրկելու, նախորդ տարիներին անխնա հատված անտառը պահպանելու և վերականգնելու ուղղությամբ։