Մատչելիության հղումներ

«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումը եղել և մնում է մեր օրակարգում»․ Մնացականյան


«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ամենաբարձ մակարդակով հանդիպումը եղել և մնում է մեր օրակարգում», - այսօր Ուրուգվայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Վստահ եմ, որ այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային եթե մենք գնահատական տանք, տեսնենք, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներով և ինչ հաճախականությամբ, այդ առումով որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով մենք Միացյալ Նահանգների հետ չենք ունեցել այս տարվա ընթացքում։ Սա նույնպես շարունակական է լինելու, շարունակական ծրագրերը մեր առջև են, մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, որոշ հարցեր խնդրահարույց են, որոշ հարցեր վերաբերում են հաջորդ քայլերին, բայց սա շատ նորմալ է այն առումով, որ սա երկու գործընկերների միջև հարաբերություններ են, օրակարգային հարցերը մշտապես քննարկման առարկա են։ Մենք երբևէ չենք ունեցել որևէ խնդիր մեր հարցերն ամենաբարձր մակարդակով քննարկելու, և սա շարունակական գործընթաց է»,- ասաց Մնացականյանը։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, արտգործնախարարը նշեց՝ բանակցային դինամիկան պահպանվում է։

«Իրականում նախատեսվում է հանդիպումների շարունակություն, մենք երբևէ սպասեցնել չենք տվել, դինամիկայի առումով մենք բավական ակտիվ ենք և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ մի փոքր համբերությամբ լցվել, որովհետև ես սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ որ համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ»,- ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG