Մատչելիության հղումներ

Ալեքսանյանի, Ծառուկյանի, բոլոր օլիգարխների խոշոր բիզնեսները պետք է դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ․ Բագրատյան


Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է բոլոր օլիգարխների խոշոր բիզնեսները դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ և դնել ֆոնդային բորսայում։

«Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ Բագրատյանն ընդգծեց՝ այդ պարագայում կնվազի նրանց ազդեցությունը։ Նրա խոսքով՝ խոշոր գործարարները պետք է հասկանան, որ եթե լավ չաշխատեն, մեկ ուրիշը կարող է առնել իրենց բիզնեսը։

Ստորև ներկայացնում ենք հատված Բագրատյանի հետ հարցազրույցից․

«Ազատություն»․ - Պարոն Բագրատյան, եթե նախկինում այս կամ այն ոլորտով զբաղվելու համար փաստացի արգելքներ կային, այժմ ինչպիսի՞ն է իրավիճակը, իրավիճակի փոփոխություն տեսնո՞ւմ եք։

Բագրատյան․ - Կա, բայց Դուք չեք կարող ասել ինձ մի օլիգարխ, որը նախկինում կար՝ հիմա չկա, չեք կարող ասել էդպիսի բան։

«Ազատություն»․ - Դուք ի՞նչ եք առաջարկում։

Բագրատյան․ - Ես առաջարկում եմ, օրինակ, որ Ալեքսանյան Սամվելի բոլոր բիզնեսները պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերության ձևով ֆոնդային բորսայում։ Նա պետք է իմանա, որ եթե լավ չաշխատի, մեկ ուրիշը կարող է մեկ գիշերվա մեջ իր բիզնեսների մեծ մասն առնել։ Կներեք, որ Ալեքսանյան Սամվելի անունը տվեցի, խոսքը վերաբերվում է խոշոր բիզնեսներին՝ խոսքը վերաբերվում է Ծառուկյանին, «ՀայՌուսգազարդ»-ին, Սամվել Կարապետյանի ցանցերին, խոսքը վերաբերվում է բոլոր բանկերին, բենզին ներմուծողներին։ Օլիգարխ բառը ես չեմ օգտագործում վատ իմաստով։ Այս կամ այն մարդուն համարում ենք օլիգարխ՝ համարելով, որ իր բիզնեսը խոշոր է․ օլիգարխ նշանակում է, որ իրա բիզնեսն այնքան խոշոր է, որ իր բիզնեսն առնչվում է կառավարության գործունեությանը։

«Ազատություն»․ - Դուք առաջարկում եք բոլոր այդ մարդկանց՝ նախկին կամ ներկա օլիգարխներին, ովքեր փաստացի նախկինում ու հիմա էլ մոնոպոլ կամ մենաշնորհային դիրք ունեն, այդ մարդկանց ձեռնարկությունները դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա գնել։ Դուք կարծում եք, որ այդ պարագայում այդ մարդկանց ազդեցությունը կնվազի՞։

Բագրատյան․ - Անպայման։

«Ազատություն»․ - Բայց Հայաստանի վարչապետը չի կարող ստիպել էդ մարդկանց բիզնեսները դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ։

Բագրատյան․ - Դա արվում է օրենքով։ Հայաստանի վարչապետը ոչ թե չի կարող, այլ պարտավոր է դա անել, դա իր պարտականությունն է։ Հայաստանի վարչապետը, մենք անընդհատ տեսնում ենք, ստեղ է գնում, էնտեղ է գնում, կոնկրետ նստի իրա տեղն ու գործ անի։

«Ազատություն»․ - Դուք առաջարկում եք կոնկրետ օրենք ընդունե՞լ։

Բագրատյան․ - Թեոդոր Ռուզվելտն ի՞նչ արեց մեկ գիշերվա մեջ: Հինգ ընտանիքի ձեռքում էր Ամերիկան․ 1900 թիվ, նախագահ ընտրվելուց անմիջապես հետո, Վանդերբիլտ, Ռոքֆելեր, Քարնեգի, Մորգան և Ֆորդ՝ էս հինգ մարդն իրար հետ ունեին Ամերիկայի 38 տոկոսը, Ռոքֆելերը մտավ որպես բոլոր ձեռնարկությունների տեր, դուրս եկավ բաժանված 360 ձեռնարկության՝ բաց բաժնետիրական ընկերությունների։ Այդ բոլոր ընկերությունները բաժանվեցին, դարձան բաց բաժնետիրական ընկերություններ և դրվեցին Նյու Յորքի ֆոնդային բորսայում։

«Ազատություն»․ - Այդ դեպքում արդյո՞ք չի խախտվի ազատ շուկայական տնտեսությունը։

Բագրատյան․ - Ո՛չ, ազատ շուկան այն է, որ մոնոպոլիա չկա, իսկ եթե դու հասել ես մենաշնորհի, գերիշխող դիրքի, ի՞նչ է նշանակում գերիշխող դիրք, որ եթե կարողանում ես շուկայում թելադրել, բարի եղիր ընկերությունդ գրանցել որպես բաց բաժնետիրական ընկերություն։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG