Մատչելիության հղումներ

«Ներքին համոզմունք ունեմ, որ մեր զինծառայողն ուղղակի աշխարհագրորեն մոլորվել է»․ նախարար


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, զինծառայող Արայիկ Ղազարյանը տեղանքում մոլորվելու արդյունքում է հայտնվել ադրբեջանական կողմում։

«Դեռևս ընթանում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ, բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց նախարարը։

Ադրբեջանական կողմի պնդումներին, թե զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը», Տոնոյանն այսպես արձագանքեց․ - «Հակառակորդի տեղեկատվական քարոզի, աշխատանքի արդյունքն է սա, և չեմ կարծում, որ անհրաժեշտ է տարածել այս տեղեկատվությունները, ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ աշխատանքներ են սկսել զինծառայողին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ Կարմիր խաչի միջոցով արդեն դիմել են համապատասխան միջազգային կառույցներին։

«Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ, որ նորմալ է անցնելու և նաև կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին, որպեսզի այդ տեղեկատվական արշավը դադարեցնեն»,- ասաց նախարարը։

Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայողը գտնվում է նրանց մոտ։

Այսօր ՄԻՊ գրասենյակը հաղորդեց, որ Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG