Մատչելիության հղումներ

Նախարարությունը խնդիրներ ունի ոչ թե «Այբ» դպրոցի, այլ հիմնադրամի հետ․ փոխնախարար


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խնդիրներ ունի ոչ թե «Այբ» դպրոցի, այլ հիմնադրամի հետ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։

Փոխնախարարը նշեց, որ հետազոտություններ են իրականացրել հիմնադրամում և մոտ 70-էջանոց զեկույց են պատրաստել, որը շուտով կհրապարակվի։

«Մենք հետազոտություն ենք արել, պատրաստվել է մոտ 70-էջանոց զեկույց, որտեղ անդրադարձ ենք կատարել նաև ծրագրերին՝ թե ինչպես են մշակվել, ինչպես են թարգմանվել, տեղայնացված են, թե տեղայնացված չեն։ Շուտով այդ մասին կլսեք», - ասաց Անափիոսյանը։

Հիմնադրամում ստուգումները սկսվեցին իշխանափոխությունից հետո, երբ նախկին կառավարության օրոք տարեկան ավելի քան 600 միլիոն դրամի հատկացումն «Այբ» հիմնադրամին «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում Կրթության և գիտության նախարարության նոր թիմը քաղաքական որոշում որակեց՝ պայմանավորված հիմնադրամի ներկայացուցիչների և Սերժ Սարգսյանի վարչակազմի սերտ հարաբերություններով։

2016 թվականին Կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը հանրակրթական դպրոցներում և ճանաչել ծրագրով ուսանած աշակերտների քննությունների արդյունքները բուհեր ընդունելության համար։ Ծրագրին միանալու հայտ էր ներկայացրել 55 ավագ դպրոց, ընտրվել՝ 21-ը: Դրանց ուսուցիչներն անցել են վերապատրաստում, ու դպրոցներում նախատեսվում էր ծրագիրը ներդնել 2018-ի սեպտեմբերից: Սակայն իշխանափոխությունից հետո կրթության նոր նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսկերպ հանրակրթության ոլորտում էլիտար կղզյակներ կստեղծվեն։

Նախարարությունը ուսումնասիրություններ կատարեց «Արարատյան բակալավրիատ» ծրագրում մի քանի ուղղություններով և պարզվեց, որ գնումների գործընթացն իրականացվել է խախտումներով, մասնավորապես, դա վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը և այլ գործարքների:

Անափիոսյան․ - Կարծում եմ, որ կայքում առկա ծրագրերը, որոնք որ կան «Այբ» «Արարատյան բակալավրիատ»-ի շրջանակներում, վերցնենք և համեմատությամբ նայենք Քեմբրիջի Ա մակարդակը, ապա կտեսնենք, որ նրանք ամբողջությամբ նույնն են։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, չի հերքվել, որ սա թարգմանություն է, իհարկե ուսուցիչները բավականին մեծ աշխատանք են կատարել հետո, որ կարողանան այդ ծրագրերը, որոնք բավականին բարձր նշաձող են դրել, կարողանան դա ինչ-որ չափով իրականացնել։

«Ազատություն»․ - Այսինքն՝ ուղիղ թարգմանությո՞ւն է։

Անափիոսյան․ - Մեծամասամբ այո, մենք մասնագիտական խմբեր ենք ստեղծել, որ յուրաքանչյուր առարկայական ծրագիրն ուսումնասիրել է, կարծիք է տրվել, մենք դա, կարծում եմ, որ մոտ ապագայում կուղարկենք «Այբ» հիմնադրամ։ Եվ քանի որ շատ մոլորությունների տեղ տվեց, մենք միշտ տարբերակում ենք դպրոցի գործունեությունը և հիմնադրամի գործունեությունը։

«Ազատություն»․ - Խնդիրը հիմնադրամո՞ւմ է, թե՞՝ դպրոցում։

Անափիոսյան․ - Ո՛չ, մենք դպրոցի հետ որևէ խնդիր չունենք, հիմնադրամն է, որը որ ծրագրերն է իրականացնում։

«Ազատություն»․ - Մեկ այլ օգտատեր հարցնում է՝ «Նախարարությունը քայլեր ձեռնարկելո՞ւ է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի գործունեության վերսկսման համար։ Եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ քայլեր, ե՞րբ կվերսկսի ծրագիրը, թե՞ փորձել եք այլ տարբերակներ գտնել, որ ծրագիրը գործի։ Հիշեցնեմ, որ էս ծրագիրը մրցութային կարգով ֆինանսական աջակցություն էր տրամադրում երիտասարդ գիտնականներին միջազգային գործուղումների, նյութերի, սարքերի ձեռքբերման, գիտական դպրոցների, նման միջոցառուների կազմակերպման համար, խրախուսում էր ազդեցության գործակցով պարբերականներում հոդվածների տպագրությունը»։ Մեկ տարի է ծրագիրը դադարեցվել է և գիտնականները դիմել են նախարար Արայիկ Հարությունյանին, բայց պնդում են, որ դեռ հարցը չի լուծվել։ Ի՞նչ տեղեկություն ունեք այս ծրագրից։

Անափիոսյան․ - Ծրագիրը որպես այդպիսին չի դադարեցվել, գումարը հատկացված է «Երիտասարդական հիմնադրամին» և «Երիտասարդական հիմնադրամը» հանդիսացել է այդ օղակը, որով որ ծրագիրն իրականացվել է։ Գիտության կոմիտեն բազմիցս հանդիպումներ է ունեցել երիտասարդ գիտնականների հետ․ մենք առաջարկում ենք, որպեսզի Գիտության կոմիտեի միջոցով այդ գումարը հատկացվի, կամ իրենք ստեղծեն գուցե կազմակերպություն, որ մենք կարողանանք թափանցիկությունն ապահովել։

«Ազատություն»․ - Բայց ոչ հիմնադրամի միջոցով, կարծես հիմնադրամը լուծարվո՞ւմ է։

Անափիոսյան․ - Կարծում եմ հիմնադրամի միջոցով չի իրականացվի, հիմա հատկացված է, բայց քանի որ հիմնադրամի ապագայի հետ կապված դեռևս կան հարցեր, մեր երիտասարդները հիմնականում ուզում են, որ իրենց դա տրվի, և իրենք կարողանան դա բաշխել։ Միանշանակ կարևորելով երիտասարդ գիտնականներին աջակցությունը մեր երկրում՝ միևնույն ժամանակ որպես հարկատուների գումարի պատասխանատու մենք ուզում ենք թափանցիկությունն ապահովել՝ թե ինչպես է գումարը ծախսվում, դրա համար մենք փորձում ենք առաջարկել ինչ-որ մի մեխանիզմ, որով որ կկարողանանք այդ թափանցիկությունն ապահովել։ Կարծում եմ, որ համաձայնության անպայման կգանք․ առաջարկել ենք կա՛մ Գիտության կոմիտեի միջոցով արվի, կա՛մ որևէ կազմակերպության, որը որ կկարողանա այդ թափանցիկությունը ցույց տալ, որ կարողանանք տեսնել, թե գումարն ինչ չափանիշներով ում է հատկացվում, ինչպես է օգտագործվում։

«Ազատություն»․ ֊ Օգտատերերից մի քանիսն ասում են, որ արդեն վերափոխված Կրթության նախարարությունը ամենավատ աշխատող նախարարություններից է:

Անափիոսյան․ - Նախ տրամաբանությունը ասեմ, թե ինչու կարող է լինել ընկալում, որ նախարարությունը դանդաղ է աշխատում: Կրթության ոլորտում փոփոխությունները երբ որ արվում են, գաղտնիք չէ, որ դա անմիջապես և միանգամից չի երևում: Այս մեկ տարվա և երեք ամսվա ընթացքում ահռելի քանակության գործ է իրականացվել նախարարությունում և՛ պլանավորվամ, և՛ արդեն մի շարք աշխատանքները սկսելու ուղղությամբ: Բայց երբ տեսնում ենք, թե դրա արդյունքը երբ ենք ունենալու, կարող է ստեղծվել տպավորություն, որ ինչ-որ չափով դանդաղ ենք անում: Իսկ դա դանդաղ անելու հետ չէ, ուղղակի ոլորտը այնպիսին է, որ փոփոխությունները մենք ուշ ենք տեսնելու: Եվ կրթությունը պիտի տեսնենք երկու տեսանկյունից․ մեկը որպես երկրի զարգացումը, տնտեսությունը և այլ ոլորտները սնող ոլորտ, և մյուս կողմից, կրթությունը որպես կրթության նորարարության զարգացման առաջամարտիկ: Երկու առումով էլ, իհարկե, փոփոխությունները դժվար է տեսնել:

«Ազատություն»․ - Օգտատեր Արթուր Քոչարյանը հարցնում է՝ ե՞րբ եք աշխատանքից հեռացնելու հանրապետական տնօրեններին, ինչո՞ւ տնօրենները չեն ընտրվում ուղիղ քվեարկությամբ տվյալ դպրոցի ուսուցիչների կողմից:

Անափիոսյան․ - Կարծում եմ, որ տնօրենի գործունեությունը չպետք է կուսակցական պատկանելիությամբ չափել և ասել, որ հանրապետական տնօրենները վատն են կամ լավն են՝ ելնելով պարզապես իրենց կուսակցական պատկանելությունից, առնվազն պրոֆեսիոնալ չի լինի: Եվ մասնագիտական կարողությունների համար այս պահին տնօրենների հավաստագրման մրցույթներն են լինում: Իրականում տեսնում ենք հետևյալ պատկերը, որ գործող տնօրենները կտրվում են այդ քննությունից: Շուրջ 25-30 տոկոսով կտրվողներ ունենք:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG