Երեկ ռուսաստանցի հինգ միջուկային հետազոտողների հուղարկավորության ժամանակ «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը խոստացել է շարունակել նոր զինատեսակների զարգացման աշխատանքները։
Ըստ ամերիկյան փորձագետների՝ ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ժամանակ պայթյունի հետևանքով:
Հինգ զոհվածներին հուղարկավորել են Մոսկվայից 375 կիլոմետր արևելք գտնվող Սարով փակ քաղաքում, որը 1940-ականների վերջերից Ռուսաստանի միջուկային զենքի ծրագրերի կենտրոններից է:
Երեկ The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության անանուն պաշտոնյաների, հաղորդել է, որ Ռուսաստանը ակներևաբար փորձարկում էր միջուկային շարժիչով նոր հրթիռ, միաժամանակ ենթադրելով, որ այս պայթյունը Չեռնոբիլից հետո վատթարագույն միջուկային վթարներից է տարածաշրջանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թվիթերում գրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հետևել և ավելին իմանալ այս միջադեպի մասին։