Մատչելիության հղումներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ԵՄ-ի հետ մի քանի ծրագրերով. փոխնախարար


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ԵՄ-ի հետ մի քանի ծրագրերով, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։

«Ազատության». - Տիկին Անափիոսյան, օգտատերերից մի քանիսն ասում են, որ Կրթության նախարարությունը, հիմա արդեն վերափոխված, ամենավատ աշխատող նախարարություններից է, այն որ այսքան ճյուղեր ավելացան Կրթության նախարարությանը, ի՞նչ փոխեց, Դուք վստա՞հ եք, որ կհասցնեք գոնե, եթե հինգ բալանի գնահատմամբ ասենք, չորսի հասցնել։

Անափիոսյան. – Նախ տրամաբանությունը ասեմ՝ ինչո՞ւ կարող է լինել ընկալում, որ նախարարությունը դանդաղ է աշխատում, կրթության ոլորտում փոփոխությունները, երբ որ արվում են, գաղտնիք չէ, որ դա անմիջապես չի երևում։ Այս մեկ տարվա և գրեթե երեք ամսվա ընթացքում ահռելի քանակության գործ է իրականացվել նախարարությունում և՛ պլանավորման, և՛ մի շարք աշխատանքներ սկսելու ուղղությամբ, բայց երբ տեսնում ենք, թե դրա արդյունքը երբ ենք ունենալու, կարող է ստեղծվել տպավորություն, որ ինչ-որ չափով դանդաղ ենք աշխատում։ Դա դանդաղ անելու չի, այլ ուղղակի ոլորտն այնպիսին է, որ փոփոխությունները մենք ուշ ենք տեսնելու։ Կրթությունը պետք է տեսնենք երկու տեսանկյունից. մեկը՝ որպես երկրի զարգացումը, տնտեսությունը և այլ ոլորտները սնող ոլորտ և մյուս կողմից կրթությունը որպես կրթության նորարարության զարգացման մարտիկ։ Երկու առումով փոփոխությունները դժվար է տեսնել և, օրինակ, ենթադրել, որ մեկ տարում կունենայինք աշխատաշուկա կրթության ճեղքվածքի նվազում, պարզապես անիրատեսական է։ Արդյո՞ք քայլեր արվել են այդ ուղղությամբ, բազմաթիվ։

«Ազատություն». -Ձեր համակարգման ոլորտում ասեք՝ Եվրամիության հետ համագործակցություն և այլն, այն ծրագրերը, որոնք որ Դուք եք համակարգում, փոփոխություն, որոնց մասին առաջիկայում գոնե կլսենք։

Անափիոսյան. – Եվրոպական միության հետ կա «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիրը։ Ծրագիրը բանակցվել է 2016 թվականին և էդտեղ մենք փոփոխությունները արել ենք այն ուղղությամբ, որ կարողանանք գումարը, որ հատկացվել է Հայաստանին, ոչ թե այդ գումարը հատկացվի որևէ երրորդ երկրի կամզակերպությանը, որը կմշակի հանրակրթության բովանդակությունը, այլ այդ գումարը հատկացվի ներսում մեր տեղացի փորձագետների հետ միասին միջազգային փորձագետների հետ աշխատելու արդյունքում մշակվեն նոր չափորոշիչներ, մշակվեն ուսուցիչների վերապատրաստման և իրենց մասնագիտական զարգացման նոր ծարգրեր։ Այդ պայմանագիրը կարողացանք երկարատև բանակցություններից հետո ստորագրել դեկտեմբերին։ Էդտեղ կար մի կոմպոնենտ, որը վերաբերում էր բարձրագույն կրթության համար «Թումո» կենտրոն ստեղծելուն, որը փոքր-ինչ այլ տրամաբանություն ունի, քան ներկայիս «Թումո»-ն։ Մենք կարողացանք բանակցել և հասնել այն արդյունքի, որ այդ կենտրոնը, որը որ կլինի հանգույց տարբեր երիտասարդների համար, բաց լինի ինժեներական կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ուսանողների համար, որ իրենք կարողանան գան և այնտեղ ծրագրեր իրականացնեն։

«Ազատություն». – Այսինքն պրակտիկ աշխատանք ի նկատի ունե՞ք, վճարովի՞, թե՞ անվճար։

Անափիոսյան. – Միանշանակ անվճար, որը որ ֆիքսվել է ինչպես պայմանագրում, այնպես էլ Եվրամիության և «Թումո» հիմնադրամի միջև կնքված պայմանագրերում։

«Ազատություն». – Սա ե՞րբ կլինի։

Անափիոսյան. – Արդեն ծրագիրը մեկնարկել է, սրանով է պայմանավորված նաև մեկնարկը հանրակրթության չափորոշիչների փոփոխության։ Մյուս ծրագիրը՝ «ԵՄ-ն քաղաքացիների համար», այդ ծրագրի շրջանակներում մենք անդրադառնում ենք նախադպրոցական կրթությանը և 35 նախադպրոցական կրթական ծառայություններ են բացվելու համայնքներում։ Մենք հիմա ԵՄ-ի հետ ունենք դեռևս 17 թվականին հաստատված բյուջետային աջակցության ծրագիր, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում աշխատաշուկա և կրթություն կապը ստեղծելուն և այդտեղ ունեինք քոլեջների շինարարություն։ Տարիներ շարունակ մեր՝ Հայաստանի Հանրապետության բացատրությունը, թե ինչո՞ւ չի իրականացվում, եղել է այն, որ Ֆինանսների նախարարությունը գումար չի հատկացնում, դե բնական է, նման բացատրություն չէինք կարող մենք ունենալ և բանակցեցինք մեր սահմանված չափաքանակի շրջանակներում։ Ներառեցինք նախագծային նախահաշիվները, որ այս տարի արվեն և եկող տարի շինարարությունը արվի։

«Ազատություն». – Որտե՞ղ են արվելու այդ շինարարությունները։

Անափիոսյան. – Բոլորը բացառապես մարզերում, գյուղատնտեսական քոլեջներին է խոսքը վերաբերում՝ Ապարանում, Ստեփանավանում, Գավառում, Վանաձորում, քննարկում ենք նաև Նոյեմբերյանում, այնտեղ քոլեջը շատ վատ վիճակում է. տնակներում են, շենք կառուցենք և գումարները արդեն մյուս տարիների համար ինչպես 20 թվականի բյուջեում ենք արդեն դրել, այնպես էլ միջնաժամկետ ծախսային ծրագրերում 21-22 թվականների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG