Փաստաբանի խոսքով, «Դաֆ Ալկո Տրանս»-ը իրականացրել է կոմբինատի խմիչքների բեռնափոխադրումը դեպի Ռուսաստանի Դաշնություն, սակայն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը փետրվարից գումար չի փոխանցել մատուցված ծառայությունների համար․ - «Ստորագրելով հաշիվ-ապրանքագրերը և ընդունելով «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության կողմից ծառայությունների մատուցման փաստը, ընկերությունը հրաժարվեց փոխանցել գումարները: Եվ այդ իրավիճակում մինչև մարտի վերջ «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը շարունակել է մատուցել ծառայություններ»։
Հարությունյանն ասում է, որ «Դաֆ Ալկո Տրանս»-ը խմիչքների փոխադրումն արդյունավետ իրականացնելու համար 25 այլ ընկերությունների հետ պայմանագրեր է կքնել՝ նրանց բեռանատարներն օգտագործելու համար։ Հիմա «Դաֆ Ալկո Տրանս»-ը շուրջ 85 միլիոն դրամ է պարտք այդ ընկերություններին, սակայն չի կարողանում վճարել, քանի որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը չի իրականացնում իր պարտականությունները։
Այդ պատճառով, փաստաբանի պնդմամբ, «Դաֆ Ալկո Տրանս»-ը ճգնաժամային իրավիճակում է հայտնվել․ - «Երբ «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը նկատեց, որ գումարները չեն փոխանցում, համապատասխան գրություն է ուղարկվել իրենց՝ առաջարկվելով գրությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում գումարը փոխանցել, հակառակ դեպքում ընկերությանն այլ տարբերակ չի մնա, քան դատական պաշտպանություն հայցելը: Դա եղել է այս տարվա ապրիլ ամսին: Սակայն առայսօր որևէ պատասխան չենք ստացել»:
«Դաֆ Ալկո Տրանս»-ը սնանկության վարույթ է ներկայացրել ընդդեմ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի»․ - «Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո պարտապան ընկերությունը, 15-օրյա ժամկետում եթե բավարար հիմքերով չի առարկի իր պարտավորության փաստի մասով, առանց դատական նիստի հրավիրվելու, 16-րդ օրը ընկերությունը կճանաչվի սնանկ՝ իր բոլոր հետևանքներով»։
Փաստաբանի խոսքով, այս ընթացքում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունից ոչ ոք իրենց հետ չի կապվել պարզաբանման նպատակով։ Ենթադրում են, որ կոմբինատի ղեկավար կազմը տեղյակ չէ, որ «Դաֆ Ալկո Տրանս»-ի գումարները չեն փոխանցվել։
Փաստաբանն ասում է, որ երկու ընկերությունները մոտ 10 տարի համագործակցել են, ու այդ ընթացքում ոչ մի խնդիր չի առաջացել։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընդգրկված է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում, որի գլխավոր տնօրենը Ծառուկյանի մտերիմներից Սեդրակ Առուստամյանն է։ Վերջինիս դուստրը՝ Նորա Առուստամյանը Ծառուկյանի ղեկավարած խմբակցության պատգամավորներից է:
«Դա բերում է մամուլում հայտարարություններին, որ սա զրպարտանք է իրենց նկատմամբ: Այդ մասով էլ, անկեղծ ասած, ճանաչելով իրենց գործելաոճը, վստահ ենք, որ ուղղակի թերի ինֆորմացիա են իրենց փոխանցել: Հակառակ դեպքում այս իրավիճակը չէին թողնի, որ կրկին անգամ հասունանա», - նշեց Հարություն Հարությունյանը:
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ից այսօր կտրականապես հրաժարվեցին մեկնաբանություն տալ «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության ներկայցուցիչների պնդումների վերաբերյալ։ Փոխանցեցին ընդամենը, որ տնօրենը 2 օրից կլինի Երևանում, այդ ժամանակ էլ կխոսի։