Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ Սյունիքում․ ԱԻ նախարարը օպերատիվ խմբի արտահերթ նիստ է հրավիրել


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Երեկ ժամը 21-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ): Հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ: Հրդեհը չի սպառնում բնակավայրերին:

Կրակի տարածման դեմ պայքարում են հրշեջ-փրկարարները, որոնց միացել են նաև Արևիկ ազգային պարկի աշխատակիցները:

Օպերատիվ շտաբի ղեկավար ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել երկու հանգամանքի վրա. նախապատրաստական աշխատանք, ուժերի համախմբում, ապա հրդեհաշիջման իրականացում: Պետք է գործի դրվի մարդկային ներուժը, դեպքի վայրում կենտրոնացվի անհրաժեշտ տեխնիկա և գործիքներ:

Օպերատիվ աշխատանքային խումբը իրավիճակի վերլուծության և մասնագիտական քննարկման արդյունքում պլանավորել է ըստ գերատեսչությունների կատարվելիք աշխատանքները: Հատկապես ընդգծվել է ծանր տեխնիկայի աշխատանքի անհրաժեշտությունը, որի միջոցով պետք է սահմանազատել հրդեհի օջախները և կանխել դրանց տարածումը: Պետք է ունենալ ջրի բավարար պաշար՝ տեղանքի դժվարամատչելիության պատճառով, հրշեջ-փրկարարական մեքենաների օգտագործման անհնարինության դեպքում, ջրի սրսկիչներով հրդեհաշիջում իրականացնելու համար: Հրդեհի տարածման ուղղությունները և մասշտաբները հսկողության տակ պահելու համար կիրականացվի օդային հետախուզում:

Ցոլակյանը հանձնարարել է օպերատիվ կապ պահել տեղում աշխատանքները համակարգող, օպերատիվ շտաբի քարտուղար Հովհաննես Եմիշյանի հետ: Հրդեհի տարածքում բջջային և ինտերնետային կապի հաճախակի խափանումներով պայմանավորված, մշտական կապ ունենալու համար, նախարարի հանձնարարությամբ ԱԻՆ կապի մեքենան ուղարկվել է հրդեհի գոտի:

Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության վիճակի:

Հանդիպման ավարտին նախարարը հայտնել է, որ քննարկման արդյունքները զեկուցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԱԻՆ-ը հիշեցնում է, որ հուլիսի 16-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով, որը գլխավորում է արտակարգ իրավիճակների նախարարը:

Այսօր առավոտյան ԱԻՆ-ը հաղորդեց, որ դեպքի վայր են մեկնել նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 9:46-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ:

Ստորև՝ Արտակարգ իրավիճակների նախարարության տեսանյութերը․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG