Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում երեկ կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հայաստանյան տեսանկյունից առավել կարևոր էր այն, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, ԵՏՄ) բարձրագույն խորհրդի նիստին Սինգապուրի վարչապետի և Իրանի նախագահի հնարավոր մասնակցության մասին։ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Իրանի նախագահին հոկտեմբերին հրավիրել է Երևան՝ ներկա լինելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
«Սա նշանակալի կարող է լինի թե՛ Հայաստանի համար ընդհանրապես, թե՛ նաև հենց ԵՏՄ-ի համար Հայաստանի էդ նախաձեռնությունը կարող է որոշակի նշանակալիություն պարունակել քաղաքական արժեքի մասով։ Հատկապես նկատի ունենալով էն, որ ԵՏՄ վեհաժողովները, խոշոր հաշվով, միջազգային աննկատ իրադարձություն են համարվում, և Երևանում այդ ներկայացուցչականության ընդլայնումը, կարծում եմ, նաև ԵՏՄ-ին կարող է որոշակի քաղաքական կշիռ հաղորդել», - նշեց քաղաքական մեկնաբանը։
Բադալյանն ասում է՝ այստեղ կարևոր է, թե արդյո՞ք ԵՏՄ նախագահները թույլ կտան, որպեսզի Հայաստանում կայանալիք վեհաժողովը ստանա կարևոր նշանակություն, թե՞ կառաջացնեն որոշակի արհեստական խոչընդոտներ։
«Որովհետև էդ խանդը Հայաստանի հանդեպ և ընդհանրապես էդ իրողությունը ԵՏՄ շրջանակում նախկինում դրսևորվել է։ Հիշենք, օրինակ, ապրիլյան պատերազմի օրերին ԵՏՄ կառավարական խորհրդի նիստը Երևանից տեղափոխվեց, որովհետև ԵՏՄ նախագահները պատճառաբանել էին, որ Ալիևը կնեղանա այդ հանգամանքից։ Սա առնվազն տարօրինակ մի հանգամանք է, և հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ ք Ալիևը մի հատ նամակ չի գրի ԵՏՄ նախագահներին, որպեսզի նրանք չհամաձայնեն, որպեսզի Երևանում վեհաժողովին մասնակցի նաև Իրանի նախագահը», - ասաց Բադալյանը՝ ընդգծելով. - «Իհարկե, հիմա Հայաստանը այլ է, և ԵՏՄ-ում գործ ունեն բոլորովին այլ Հայաստանի հետ, որը այլ հարցադրումներ և այլ շեշտադրումներ է բարձրացնում, իր եվրասիական սուբյեկտությունը ավելի բարձրացնում է և էդ կառույցում փորձում է դնել հարցադրումներ, որոնք համահունչ են իր շահին, որոնք ավելի բնորոշ են ինքնիշխան պետությանը։ Տեսնենք, թե Հայաստանը որքանո՞վ կկարողանա ապահովել երևանյան վեհաժողովի էդ ներկայացուցչականությունը և ԵՏՄ վեհաժողովին հաղորդել իսկապես ռեգիոնալ և աշխարհաքաղաքական նշանակալի բնույթ»։
«Ստացվել է յուրօրինակ տանդեմ Եվրասիական միությունում՝ Հայաստան-Ղրղըզստան»
Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, ընդգծել էր՝ «կարող ենք զարգացնել այն կառուցողական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ղրղըզստանի միջև»։ Զրուցակիցները գոհունակություն էին հայտնել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակից և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի և Ղրղըզստանի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, Հակոբ Բադալյանը նկատում է՝ նախկինում երբևէ առիթ չի եղել խոսելու հայ-ղրղըզական տնտեսաքաղաքական գործակցության մասին։ Միևնույն ժամանակ հիշեցնում է՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Ղրղըզստանի նախագահն առաջինն էր, ով Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց այդ առիթով։ Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ այս ժեստը ևս խոսում է քաղաքական տողատակերի մասին, որ առկա է Եվրասիական տնտեսական միությունում։
«Հիմա էս գործակցությունը կամ սրա մասին խոսակցությունը ուշագրավ է ստացվում ներքաղաքական պրոցեսների որոշակիության համատեքստում։ Ես նկատի ունեմ նախկին նախագահների հանդեպ իրավական գործընթացները, որոնք Եվրասիական միությունում համարվում են, այսպես ասած, խորթ քաղաքական իրավական արժեք և գործընթաց, և էստեղ Ռուսաստանի վերաբերմունքը երկու գործընթացների հանդեպ՝ հաշվի առնելով, որ երկու նախկին նախագահներն էլ անթաքույց ակնկալում էին Ռուսաստանի աջակցությունը իրենց պաշտպանության հարցում։ Հայ-կիրգիզական, այսպես ասած, տնտեսաքաղաքական գործակցության մասին մենք կարող ենք ուշագրավ տողատակով խոսել էս համատեքստում։ Ստացվել է յուրօրինակ տանդեմ Եվրասիական միությունում՝ Հայաստան-Ղրղըզստան, մնացյալ երեք պետությունների քաղաքական իրողությունների համեմատ», - նշեց Բադալյանը։
«Հայ-ռուսական հարաբերությունը տեսանելի ապագայում ավելի շատ կենտրոնացած է լինելու անվտանգային խնդիրների վրա»
Առաջին անգամ Ղրղըզստանում աշխատանքային այցով գտնվող Փաշինյանը հանդիպեց նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, քննարկվել է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։
Կողմերը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։
Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ հայ-ռուսական դինամիկ հարաբերությունների մասին մշտապես խոսվում է՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր։ Սակայն նկատում է, որ այդ հարաբերությունների տնտեսական բնույթն ավելի շատ խնդիրներ ունի, քան հիմքեր է տալիս դինամիկ զարգացումների մասին խոսել։
«Սա առաջին հերթին գալիս է նրանից, որ Ռուսաստանը բացարձակապես այն տնտեսական վիճակում չէ, որ կարող է Հայաստանի համար լինել իսկապես դինամիկ զարգացման արդյունավետ գործընկեր։ Էս տեսանկյունից սրանք, կարծեմ, ընդամենը քաղաքական հայտարարություններ են, որոնցով փորձ է արվում, այսպես ասած, ցույց տալ, որ առանձնակի խնդիրներ այս տեսանկյունից չկան։ Ես կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունը տեսանելի ապագայում ավելի շատ կենտրոնացած է լինելու անվտանգային խնդիրների վրա, և այստեղ է, որ Հայաստանը ունի կարիք Ռուսաստանին բերել որոշակի վարքագծային դաշտ և ավելի համահունչ դարձնել Հայաստանի շահերին», - ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Որովհետև Հայաստանը որպես ռազմավարական գործընկեր մշտապես պահել է իր, այսպես ասած, բարեխղճությունը Ռուսաստանի հանդեպ, և մենք չենք տեսել հակառակը: Եվ էդ տեսանկյունից հիմա նոր իրավիճակը Հայաստանում թույլ է տալիս Երևանին բարձրացնել, ավելի հստակ բարձրացնել խնդիրները, և հայ - ռուսական հարաբերությունների տեսանկյունից, ես կարծում եմ, այս ընթացքում հնչել է առանցքային մի հայտարարություն՝ դա վարչապետի այն հայտարարությունն է, որ Կովկասում և Հայաստանի դեմ ընդհանրապես պատերազմի դեպքում պատասխանատվությունը Ռուսաստանինն է, որը կարող է և ի վիճակի է կանխել պատերազմը, և եթե չկանխվի պատերազմը, հետևաբար՝ դա չի ուզել կանխել Ռուսաստանը»:
«Սա այն լրջագույն պատասխանատվությունն է, որ էս շրջանակում և էս շրջափուլում՝ նաև ռեգիոնալ և աշխարհաքաղաքական, Հայաստանը կարող է դնել Ռուսաստանի առաջ, պետք է դնի և ակնկալում է Ռուսաստանից համապատասխան վարքագիծ», - շեշտեց քաղաքական մեկնաբանը:
«Իսկ տնտեսական առումով ինձ համար Ռուսաստանը կարևոր է որպես ապրանքային շուկա, բայց որի դիվերսիֆիկացման մասին մենք պետք է մտածենք լրջորեն, և տնտեսական ներուժի առումով մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք իսկապես էն համահայկական ներուժի վրա, որի մասին խոսում էր վարչապետը, և չակնկալենք, որ Ռուսաստանից մենք կարող ենք այլ տնտեսական մեծ դինամիկա ենթադրող, այսպես ասած, գործակցություն ստանալ: Ռուսաստանը պարզապես չունի դրա հնարավորությունը, Ռուսաստանը ինքը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, իշխանության խնդիրն է հասունանում իր ամբողջ հասակով, այսպես ասած, և նաև տնտեսական կարողությունների էական թուլացումը՝ կապված էդ մեկուսացման քաղաքականության հետ, որ վարում է Արևմուտքը, և էդ տեսանկյունից Ռուսաստանը մեզ համար չի կարող լինել արժեքավոր գործընկեր», - ամփոփեց Հակոբ Բադալյանը: