Հյուսիսային Կորեան վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ հրթիռային արձակումներ է իրականացրել: Այսօր փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակվել, որոնք ընկել են Ճապոնական ծովը, հաղորդում է հարավկորեական ռազմական գերատեսչությունը:
Սեուլում այս արձակումները պայմանավորում են Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն արգելում են Հյուսիսային Կորեային որևէ հրթիռային փորձարկում իրականացրել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Փհենյանի հրթիռային արձակումները խոչընդոտ են հյուսիսկորեական միջուկային ծրագրի հարցով բանակցություններում:
Հունիսի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել էր հանդիպել Կիմ Չեն Ունին Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին՝ Ապառազմականացված գոտում, ինչից հետո երկու առաջնորդները հայտարարել էին, թե կշարունակեն բանակցությունները թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Շաբաթներ անց, սակայն, Փհենյանը զգուշացրել էր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հայտնվել վտանգի տակ, եթե Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները ետ չկանգնեն օգոստոսին կայանալիք համատեղ զորավարժություններից: