Մատչելիության հղումներ

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգում


Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/1852/justification-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:

Նախագծերով, ի թիվ այլ կարգավորումների, նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր չներկայացնելու, գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր չներկայացնելու հիմքերով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ, ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները, Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը դարձնել կարգապահական վարույթ հարուցելու առիթ, դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմը 28 տարեկանից իջեցնել 25 տարեկանի:

Նախատեսվում է նաև ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեմա՝ «նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել կենսագործելու 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ կազմավորման մոդելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG