Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իրատեսական է համարում օրերս Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մինչև 2050 թվականն իրականացվելիք ռազմավարական նպատակները։
Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին հրավիրված հանրահավաքում Հայաստանի վարչապետը մասնավորապես հայտարարեց, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։
Փաշինյանն ընդգծեց, որ այս նպատակներին հասնելու համար պետք է համախմբել ազգային ներուժը, կենտրոնացնել ազգային ռեսուրսները։
Հարցին, թե ռոմանտիկ չի՞ համարում հավատալը, որ իսկապես այսպիսի համախմբման շնորհիվ հնարավոր է զարգացնել տնտեսությունը, քաղաքագետը պատասխանեց․ - «Ինձ մի փոքր զարմացնում է վերջին շրջանում այն մարդկանց մտածողությունն, ովքեր դեմ են ռոմանտիզմին և ընդհանուր առմամբ այսպես համակերպվել են, կոմֆորտի զոնա են ստեղծել ռեալ աշխարհի մասին իրենց սխալական պատկերացումներում և գտնում են, որ, օրինակ, էսպիսի մեծ պոտենցիալ ունեցող ժողովուրդը և էսպիսի մեծ պոտենցիալ ունեցող երկիրը չի կարող ուղղակի, այո, հավակնոտ ծրագրեր ունենալ։ Ես հիմա տեսնում եմ, որ առաջադրված է խնդիր, և դրա ձեռքբերումն իրատեսական եմ համարում»,- «Ազատության» «Ըստ էության» հաղորդման ժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն էլ հավելեց՝ այստեղ նույնիսկ որևէ «անիրատեսության նշույլ» չի տեսնում։
Հարցին, թե հաշվարկե՞լ են՝ տարեկան որքա՞ն պետք է լինի Հայաստանի տնտեսական աճնը, որպեսզի առաջիկա 30 տարում տասնհինգապատկվի համախառն ներքին արդյունքը, Գևորգյանը պատասխանեց․ - «Իմ կարծիքով տասնհինգապատիկը դա շատ համեստ կանխատեսում է, որովհետև տարեկան ընդամենը տասը տոկոսի աճը, եթե գումարային մոտավորապես 9,5-10 տոկոս եթե ունենանք, մենք կունենանք այդ համեստ կանխատեսումը, ու ես այդտեղ որևէ անիրատեսության նույնիսկ նշույլ չեմ տեսնում»։
Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը համաձայն չէ Գևորգյանի կարծիքի հետ․ - «Եթե պարոն Գևորգյանն ասի, որ դա տեսլականի ելույթ էր, դա ընդամենը պատկերացումներն էր, ցանկություններն էր, էդ պարագայում ես ստիպված կլինեի համաձայնել պարոն Գևորգյանի հետ ու ասել՝ «դե լավ է, որ Հայաստանի վարչապետն այդպիսի բաներ է ասում», բայց պարոն Գևորգյանն ասում է՝ «ինչ կա որ այստեղ՝ տասը տոկոս ՀՆԱ-ի աճ», բա որ բան չկա, բա մենք ձեզ տասը տոկոսանոց աճով երկիր ենք տվել, խի՞ եք հիմա իջեցրել»։
ՀՅ Դաշնակցության անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ևս չի կիսում Սաֆարյանի ու Գևորգյանի լավատեսությունը։
«Մենք ունենք 2018 թվականին 5,1 տոկոս տնտեսական աճ, նախատեսած ապագայի համար 5 տոկոս տնտեսական աճի տեսլական՝ առնվազն միջնաժամկետում, և ամենակարևորը՝ չունենք հստակ ծրագիր․ մենք ունենք 10-12 հազար իրական նոր աշխատատեղեր տարեկան կտրվածքով և ապագայի համար մենք ասում ենք՝ 1,5 միլիոն 30 տարում, էս թվերը բացարձակ համադրելի չեն», - ասաց Ավետիսյանը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․