Եգիպտոս՝ ծովափնյա հանգստի մեկնելու համար հարյուր-հազարավոր դոլարներ վճարած ու այդպես էլ չհանգստացած մարդիկ ակնկալում են իրավապահների ու կառավարության աջակցությունը:
«Արդարացի չստացվեց մի փոքր, երբ որ կառավարությունը հոգ տարավ այն քաղաքացիների մասին, որոնք որ մնացել էին Հուրգադայում (ինչ խոսք՝ պետք է պետությունը իր քաղաքացիներին վերադարձներ հայրենիք), սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ նրանք իրենց վճարած գումարի դիմաց որևէ ծառայություն ստացան, իսկ այն քաղաքացիները, որոնք որ քիչ չեն և լիարժեք գումարը վճարել են իրենց փաթեթի, այսօր ոչ մի փոխհատուցում չեն ստացել», - ասում է Աննա Մարկոսյանը, որը Եգիպտոս մեկնելու փաթեթ ձեռք բերած և այդպես էլ հանգստանալու չմեկնած քաղաքացիներից մեկն է:
«Էյ ընդ Ար» տուրգործակալության փաթեթներով Եգիպտոս մեկնած կամ մեկնել պատրաստվողները խնդիրների առջև կանգնեցին հուլիսի վերջից, երբ չեղարկվեցին Երևան - Շարմ էլ Շեյխ, Երևան - Հուրգադա և հակառակ ուղղություններով չվերթները։ Պաշտոնական պատճառը՝ «Էյ ընդ Արը» չի վճարել հունական ավիաընկերությանը։ Կառավորությունը արտահերթ որոշումներով պահուստային ֆոնդից մոտ 112 հազար դոլար վճարեց՝ երեք չվերթներով Հուրգադայում մնացած 420 հայաստանցիների Հայաստան վերադարձնելու համար:
Աննա Մարկոսյանը ընտանիքով «Էյ ընդ Ար»-ից 5 տոմս է գնել, Հուրգադայում 10-օրյա հանգստի համար, վճարել է 2600 դոլար։ Իրավապահներին դիմեց, երբ ընկերություն զանգերը մնացին անպատասխան: Աննան ասում է՝ խաբված լինելը ամենատհաճն է։
«Էյ ընդ Արի» տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը այժմ Քննչական կոմիտեի վարույթում է։ Նախնական տվյալներով՝ այս ընկերությունը, չարաշահելով հաճախորդների և այլ գործընկեր գործակալությունների վստահությունը, փաստացի ստացել է ուղևորությունը կազմակերպելու համար նախատեսված գումարները, սակայն դրանց զգալի մասը չի փոխանցել իրենց հետ համագործակցող չարթերային ավիափոխադրում իրականացնող ընկերությանը, այդ կերպ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար: Թե քանիսն են տուժած քաղաքացիները և արդյոք նրանց գումարները հետ կվերադարձվեն՝ այս հարցերի պատասխանները դեռ չկան:
«Իրանք հիմնականում չեն ունենում կապիտալ, որ դատարանը կարողանա ասի՝ գիտես ինչ, խաբել ես էս մարդկանց, քո մեղքով է եղել, տուր էդ մարդկանց փողերը: Իրենք ուղղակի կարող է սնանկ ճանաչվել, անգամ եթե ես դատը կշահեմ», - ասում է Ռազմիկ Ախայանը, ով՝ կնոջ հետ, տուժածներից մեկն է․ պլանավորել էին մեղրամիսն անցկացնել Եգիպտոսում։
Հետաքրքիր է, որ նրանք մերժել են «էյ ընդ արի» մատչելի առաջարկը և փաթեթ են գնել իրենց կարծիքով վստահելի «Եգիպտ տուր» ընկերությունից, պայմանագրում «Էյ ընդ արի» անունն էլ չկա, պարզվում է՝ իրականում կա․ - «Ասում եմ՝ պայմանագրում «Էյ ընդ արի» անուն չկա, ասում են՝ «Էյ ընդ Արը» «Տեզ տուրի» ներկայացուցիչն ա»:
«Էյ ընդ Արի» միջոցով փոխադրում նախաձեռնած «Եգիպտ տուրը» իր հաճախորդին վճարել չի շտապում:
Կապանցի Գուրգեն Հարությունյանի դեպքում, սակայն, այլ պատկեր է. տուրընկերությունը, որի անունը չի էլ հիշում, նրան վերադարձրել է գումարը՝ չսպասելով «Էյ ընդ Արի» խարդախության պատմության հանգուցալուծմանը: - «Ումից որ առել էինք, ինքը փողը հետ ա տվել, մենք վրացական տուրերով գնացել ենք՝ եկել», - մեզ հետ զրույցում պատմեց նա:
Այս միջադեպից հետո կառավարությունում քննարկումներ սկսվեցին տուրգործակալությունների ոլորտը կանոնակարգելու, սպառողներին նման ռիսկերից զերծ պահելու համար: Շեշտվեց նրանց լիցենզավորելու, նաև ապահովագրական մեխանիզմ ներդնելու անհրաժեշտության մասին։ Ոլորտն այսօր որևէ կերպ չի կարգավորվում, տուրգործակալությունները հաճախորդների հետ հաճախ պայմանագրեր էլ չեն կնքում:
«Ես ոչ մի անգամ ոչ մի տուրիստականից ո՛չ ՀԴՄ եմ ստացել, ո՛չ էլ պայմանգիր եմ կապել նրանց հետ», - ասում է Աննա Մարկոսյանը: