Մայրական մահացության ցուցանիշով Հայաստանը զիջում է հարևան Թուրքիային, հետխորհրդային Բելառուսին, Մոլդովային, Ուկրաինային, Ղազախստանին, ինչպես նաև բազմաթիվ արևելաեվրոպական դեռևս զարգացող տնտեսությամբ երկրների։
Այս տարվա հունվարից մինչ օրս Հայաստանում գրանցվել է մայրական մահերի 9 դեպք, որից 2-ը՝ վերջին մեկ շաբաթում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշով մայրական մահ է համարվում հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում կնոջ մահը։ Հաշվարկն արվում է 100,000 կենդանի ծնված երեխայի հաշվով։ Հայաստանի ցուցանիշը 2016-2018 թվականներին 20 է, համեմատության համար՝ Բելառուսի ցուցանիշը 4 է, Իսրայելինը 5, հարևան Թուրքիայինը՝ 16, Ադրբեջանը 25, իսկ Վրաստանը 36։
Առողջապահության նախարարության մայրական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ այս տարի գրանցված մահվան 9 դեպքերից 5 հղիության ընթացքում է եղել, ոչ հղիությամբ պայմանավորված, սակայն այլ առողջական խնդիրների պատճառով, այնուամենայնիվ միջազգային չափորոշիչներով, բոլորը համարվում են մայրական մահեր։ - «Մենք ունենք 3 մահ, որոնք անմիջապես կապված են հղիության և ծննդաբերության հետ», - հստակեցրեց Ավագյանը:
2018-ին Հայաստանում գրանցվել է մայրական 8 մահ, 2017-ին՝ 4 մահ, 2016-ին՝ 12։
«Ցուցանիշը ամեն տարվա կտրվածքով դիտարկելը ճիշտ չէ, որովհետև դիտարկվում է 3 տարվա կտրվածքով: Եվ 3 տարվա 100,000-ի նկատմամբ մեր ցուցանիշները բավականին լավ են ԱՊՀ երկրների համեմատությամբ», - նշում է մասնագետը:
Այնուամենայնիվ, Գայանե Ավագյանի խոսքով Առողջապահության նախարարության նպատակը մայրական մահացության դեպքերի թիվը հնարավորինս նվազեցնելն է:
«Ազատության» հարցին, թե ինչ է անում Կառավարությունը այս ուղղությամբ և արդյոք եղած ծրագրերը բավարար են, նա պատասխանեց․ - «Առաջինը դեռահասների և պոտենցիալ մայրերի առողջության բարելավումն է: Մենք ներկայումս իրականացնում ենք ծրագիր՝ 15 տարեկան աղջիկների համալիր հետազոտում ենք անում: Հիմա արդեն կառավարությունը հնարավորություն է տվել, երբ հայտնաբերվի այդ ախտաբանությունը, այդ աղջիկները պետական պատվերի շրջանակներում հետազոտվեն խորապես և ստանան բուժում: Այսինքն, մենք իրենց նախապատրաստենք պոտենցիալ լավ մայրության»:
Նախարարությունում նաև քննարկում են, թե ինչ մեխանիզմներ գտնեն՝ խրախուսելու ու ստիպելու կանանց հղիանալուց առաջ համալիր հետազոտվել, ստանալ անհրաժեշտ բուժումներ հիվանդությունների դեպքում, բացառել սեռավարակները ապա նոր հղիանալ։ Դեռ հստակ գործողությունների պլան չկա՝ ինչպես իրականացնեն այս ծրագիրը։
«Երիտասարդ զույգեր արդեն դիմում են այս ծառայություններին, բայց մենք կփորձենք, որպեսզի մեծանա նրանց տոկոսը», - ասում է Գայանե Ավագյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետ Վահե Գյուլխասյանի խոսքով Հայաստանը մեծ անելիք ունի մայրական մահերի դեպքերի թիվը նվազեցնելու ու մահացության գործակիցը բարելավելու ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ պատճառները շատ տարբեր են, սակայն ընդհանուր առմամբ, կարմիր թելի նման անցնում է հանրային առողջության հարցը․ - «Եթե մենք ունենանք լավ հանրային առողջություն, ես համոզված եմ, որ ինչ֊որ կերպով կանդրադառնա մայրական մահացության ինդեքսի վրա»:
Փորձագետը նաև կարևորում է, որ Հայաստանում՝ լինի Երևանի լավագույն հաստատություններում, թե մարզային ոչ բարվոք հիվանդանոցներում, հղիություն վարող ու ծննդաբերություն ընդունող բոլոր բժիշկները օգտնվեն նույն ուղեցույցներից և գործելակարգերից։
«Դրա իմաստը այն է, որ ամեն հիվանդություն ունենա իր ուղեցույցը և այդ ուղեցույցով շարժվի և՛ քաղաքի բժիշկը, և՛ մարզի բժիշկը: Որոշ չափով ստանդարտիզացիա բուժօգնության, որը արտասահմանյան երկրներում դա ցույց է տվել, որ շատ լավ մեխանիզմ է մայրական մահացության ցուցանիշը իջեցնելու համար», - ասում է Վահե Գյուլխասյանը: