Մեզ ներկայացված գործի նյութերում չկա գոնե մեկ ցուցմունք, որը կհաստատի BBC-ի ռուսական ծառայության՝ այսօր հրապարակված հոդվածի պնդումները, հայտարարեց նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Պետք է հասկանանք՝ մենք ինչ ենք հասկանում գործով պարզ է դարձել, եթե քննիչը հարցադրում է կատարում՝ արդյո՞ք այս հանգամանքները իրականություն են կամ մենք ունենք օպերատիվ տվյալներ, որ էս հանգամանքները կան, դա դեռ չի նշանակում, որ գոծով դա հաստատվել է, որովհետև գոնե մեկ վկա պետք է դա հաստատի։ Պնդում եմ, որ մեզ ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է։ Ասեմ ավելին, եթե մեկ ցուցմունք թեկուզ լիներ, որ այդ հանգամանքը հաստատվեր, հիմա վաղուց արդեն աղմուկը լսել էիք, վաղուց դա տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ, վաղուց արդեն հրապարակվել էր բազմաթիվ հնարավոր եղանակներով», - նշեց Խուդոյանը։
Փաստաբանները բացառում են նաև, որ հոդվածի հեղինակների ձեռքին հայտնվել են նյութեր, որոնց իրենք չեն տիրապետում: Հստակեցնում են, նյութի բովանդակությունից ընկալելի էր, որ խոսքը Արցախի գեներալ-մայոր, Օգանովսկի մականվամբ հայտնի Սամվել Կարապետյանի հարցաքննության մասին է, բայց վերցված է միայն գեներալին ուղղված հարցերը և ոչ դրանց ի պատասխան հնչեցված հերքումները:
Այն, որ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որ Կարապետյանի ջոկատը տեղակայված է եղել նախագահականի նկուղում և նրանց այցելել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ամբողջությամբ քննիչների հարցերն են, որոնք, ըստ գործով մեղադրյալ Քոչարյանի փաստաբանների, բոլոր վկայություններում հերքվել են։
«Ազատության» հարցը, թե արդյո՞ք Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում հերքել է նաև փաստը, որ այդ օրերին զորքի հետ միասին եղել է Հայաստանում, փաստաբանները թողեցին անպատասխան:
«Հարցը մի քիչ չի համապատասխանում BBC-ի հոդվածին, դրան ավելի ուշ կանդրադառնանք։ Լավ, նկարագրված է եղել հետևյալը, որ այդ օրերին 20 հոգանոց խումբ գտնվել է նախագահականի նկուղում, իրենց հետ պարբերաբար հանդիպել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենք ասել են՝ մենք կկրակենք, իրենք կրակել են, զոհերը իրանց պատճառներով են, էդ փաստական հանգամանքների շրջանակը չի համապատասխանում իրականությունը և չի բխում գործի նյութերից։ Գործի նյութերում չկան հանգամանքներ, որոնք դա որևէ կերպ կհաստատեն ուղղակի կամ անուղղակի», - նշեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Մինչդեռ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը այսօր «Ազատության» եթերում հաստատեց՝ գործում նման ցուցմունքներ կան և այն ինչ հրապարակվել է BBC-ի հոդվածում նորություն չէր:
«Քրեական գործով Օգանովսկին, նույն Սամվել Կարապետյանը բերել է ուժեր, ընդհուպ ցուցմուներ կա, որ 60 հոգու հայտարարել է, թե եթե հարկ լինի, ով կարա ժողովրդի վրա կրակի ու 20 հոգի առանձնացրել է ր այլն», - նշեց Սաֆարյանը։
«Ազատության» հարցին՝ այսինքն ինքն է նախաձեռնե՞լ ցուցարարների նկատմամբ կրակ արձակելու այդ գործողությունները, Սաֆարյանը պատասխանեց. «Խնդիրը նա է, որ երկու նախագահներն էլ, երբ որ այս ամեն ինչը կազմակերպել են շատ վստահ չեն եղել, որ հայաստանցին հայաստանցու վրա կկրակի, որովհետև երբ որ ցուցումներ են տվել, որ լավ կլինի ղարաբաղից անգամ զինվորական ուժեր բերելուց, այսպես ասեմ, ղարաբաղցիներ բերեք, սա նշանակում է, որ անվստահություն է եղել Հայաստանի կառույցների, հայաստանցիների նկատմամբ և երկու նախագահն էլ շատ իրանց վստահ ու ամուր են զգացել Լեռնային Ղարաբաղի ուժերը Հայաստան տեղավորելուց։ Ուժերի մի մասը տեղավորվել է նախագահականի առաջին հարկում, ուժերի մի մասը տեղավորվել է կառավարության շենքում»։
Հարցին էլ, թե Քոչարյանը տեղյա՞կ է եղել, որ այդ ուժերը տեղակայվել են նախագահականում, արձագանքեց. «ցուցմունքներ կա այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպումներ են ունեցել այդ մարդկանց հետ, քննարկվել է նաև այդ մարդկանց վճարելու հարցը։ Ցուցմունքներ կա, որ վճարները կատարվել են օլիգարխների միջոցով, անուններ կան»։
BBC-ի հոդվածում հիշատակվում են նաև երկու ազդեցիկ գործարարներ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունները, ովքեր, ըստ հոդվածի հեղինակի, Հայաստան բերված զորքին ապահովել են սննդով և բնակվելու տեղով:
Սամվել Ալեքսանյանի հետ ողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը անհեթեթություն որակեց հոդվածի՝ Ծառուկյանինի վերաբերող մասը: Ծառուկյանը, հիշեցնենք, չի հերքել, որ հարցաքննվել է Մարտի 1-ի գործով:
«Անհեթեթություն է, կապ չունի BBC-ի է։ Պարոն Ծառուկյանը բազմաթիվ անգամ ասել է, որ դա բացարձակ սուտ է», - նշեց Աբովյանը։
Մարտի 1-ի գործով որպես վկա անցնող գեներալ Սամվել Կարապետյանը ևս Tert.am-ի հետ զրույցում արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության հոդվածին և այն որակել հեքիաթ: Հոդվածին հաջորդած հակասական արձագանքները որևէ կերպ մեկնաբանելուց հրաժարվում է մեղադրող կողմ դատախազությունը՝ գործի քննությանը չվնասելու հիմնավորմամբ: