Մատչելիության հղումներ

Փաստաբաններ․ Փաստացի Քոչարյանը կալանավորվել է անժամկետ


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյան և Հովհաննես Խուդոյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյան և Հովհաննես Խուդոյան, արխիվ

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են` նախկին նախագահի գործի քննությունը արհեստական ձգձգվում է նրան հնարավորինս երկար կալանքի տակ պահելու նպատակով: Այդ մասին նրանք հայտարարեցին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ըստ Արամ Օրբելյանի, փաստացի Քոչարյանը կալանավորվել է անժամկետ՝ իր կալանքի մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալով:

«Համարյա երկու ամիս ժամանակ է կամ մեկուկես ամիս ժամանակ է, ինչ որևէ զարգացում, որևէ պրոցես տեղի չի ունենում, ինչը ակնհայտորեն մարդու իրավունքների՝ և՛ Սահմանադրությամբ, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, և՛ ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների հանրային դաշնագրով նախատեսված իրավունքների կոպիտ խախտում է։ Այսինքն՝ անձը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով, առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության», - ասաց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 7 դիմումներին ի լրումն իրենք քննարկում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե դիմելու հնարավորությունը և հետագա ներպետական քայլերը:

Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը պահանջում է իր պաշտպանյալի իրավունքների կատարում և հրապարակային դատավարության շարունակում:

«Մենք պնդում ենք հրապարակային դատավարություն անցկացնել՝ անկախ դատավորի առկայությունից և դատախազության մասնակցությունից», - ասաց Խուդոյանը, բայց չպարզաբանեց, թե կոնկրետ ինչպես են դա անելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG