Հայաստանը ևս մասնակցում է Մոսկվայի մարզում շարունակվող «Տանկային բիաթլոնի» մրցումներին:
Այս մրցումները Ալաբինո զորավարժարանում անցկացվում են արդեն հինգերորդ անգամ: Մասնակից 25 երկրների շարքում է նաև Ադրբեջանը:
Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիևն ասել է․ - «Առաջին հերթին, կարծում եմ, սա մերձեցնում է մեր ժողովուրդներին: Երկրորդը՝ տանկերը ավելի լավ է կրակեն զորավարժարանում, քան՝ մարտական պայմաններում»:
Տանկերը մանևրներ են կատարում ընթացքից կամ կանգնած տեղից կրակում են՝ փորձելով խոցել թիրախները:
Սրանք բաց մրցումներ են: Զինվորականներից բացի, բանակային այս խաղերին հետևում են նաև քաղաքացիական անձինք: Նրանցից մեկն ասում է․ - «Իհարկե, կարելի է հետաքրքիր շատ բան տեսնել՝ սկսած համազգեստներից, վերջացրած՝ ով ինչպես հանդես կգա մրցումներում: Հետաքրքիր է՝ ո՞վ կհաղթի: Մերոնց ենք երկրպագում»:
Մոսկվայի մարզում «Տանկային բիաթլոնին» առավելապես մասնակցում են Ռուսաստանի դաշնակից երկրները՝ Հայաստանը, Սերբիան, Չինաստանը, Սիրիան, Վենեսուելան, Իրանը, Մոնղոլիան, Ղազախստանը, Բելառուսը, Ադրբեջանը: Այս մրցումները մաս են կազմում բանակային խաղերի, որոնք այս տարի անցկացվում են օգոստոսի 3-17-ը:
Բանակային խաղերին առաջին անգամ մասնակցում են Կուբայի, Շվեյցարիայի, Կամբոջայի և Մալիի թիմերը: