Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում կայացավ Համահայկական խաղերի բացման արարողությունը


Երեքշաբթի երեկոյան Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, տեղի ունեցավ Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։

Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման գեղարվեստական ծրագիրը և մարզական շքերթը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որում մասնավորապես ասաց․ - «Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, այսօր մեր հայրենիքում տոն է, որովհետև մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մեկտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու, իրար հետ լինելու երջանկությունը»։

«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։ Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու», - ասաց Փաշինյանը՝ Համահայկական խաղերը հայտարարելով բացված:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր ելույթում մասնավորապես ասաց․ - «Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են, իրենց պապենական օջախում: Բարի գալուստ Արցախ աշխարհ»:

«Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային և բռնությանը: Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ և խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների: Մեր պարագայում դա ևս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը», - շեշտեց Սահակյանը:

«Անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը», - ընդգծեց Արցախի նախագահը:

Ելույթ ունեցավ նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային երեք օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 հազար 300-ի։ Համահայկական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին Երևանում՝ Ազատության հրապարակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG